ՌԴ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի՝ Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը:
ԲՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
«Մեր անտառային տարածքներում, տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում արձանագրված հրդեհները միավորել են միջազգային ջանքերը` պայքարելու նման աղետների դեմ:
Ասվածի համատեքստում, լիովին օրինաչափ է, որ ներկայում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության և կանաչ տարածքների պահպանությունը, որ առաջին հերթին մեր կառավարության հիմնական գերակայություններից է, դառնում է նաև այսպիսի տեխնիկական աջակցության հիմք»,- նշել են նախարար Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը կարևորել է հատկապես վաղ հայտնաբերման և հակահրդեհային միջոցառումների իրականացման նորարարական մոտեցումները: Ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորություն կտան լիազոր կառույցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգված ներգրավվել աղետների կանխարգելման և վերացման գործընթացին: