Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ
Սեպտեմբերի 15-16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի կունենա «Ծովանկարչության սահմանները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Թեման համաշխարհային ծովանկարչությունն է, մասնավորապես` Այվազովսկու կյանքն ու ստեղծագործությունը: Մեծանուն արվեստագետի բազմակողմանի գործունեությունն ու հարուստ ստեղծագործական ժառանգությունը ներկայացվելու է ամենատարբեր ասպեկտներից:
«Պատկերասրահի համար աննախադեպ է ծովանկարչին նվիրված նման մասշտաբային գիտաժողովի անցկացումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ գիտաժողովին մասնակցում են ոչ միայն հայ մասնագետներ, նաև արվեստաբաններ, փորձագետներ, հավաքածուատերեր, հրատարակիչներ Թեոդոսիայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից ու մշակութային հաստատություններից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Մ. Հակոբյանի ներկայացմամբ, արտերկրյա հյուրերի թվում են՝ Հ. Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը, Պետական Տրետյակովյան պատկերասրահի XIX դարավերջի - XX դարասկզբի գեղանկարի բաժնի վարիչ Գալինա Չուռակը, Պետական Ռուսական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը և այլք: Օտարերկրյա հյուրերից զեկույցներով հանդես կգան նաև արվեստի փորձագետ, Այվազովսկու մասին մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ, արտ-շուկայի գիտակ Իվան Սամարինը Լոնդոնից, Այվազովսկու խոշոր հավաքածուատեր, նկարչի արվեստի ուսումնասիրող ու մասնագետ Անդրեաս Ռուբիյանը ԱՄՆ-ից և այլք: Գիտաժողովի ելույթները կհրատարակվեն զեկույցների ժողովածուով:
«Հետաքրքիր է ոչ միայն մասնագետների ընդգրկումը, նաև գիտաժողովի թեմատիկան, որը բավականին լայնածավալ է: Իհարկե, հիմնական առանցքն Այվազովսկին է, բայց ոչ միայն: Ներկայացվելու է նաև 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի ոչ միայն հայ՝ Ալխազյանի, Թադևոսյանի, նաև Արևմտյան Եվրոպայից՝ Կուրբեի, Մոնեի և այլոց արվեստը»,- ասաց գիտաժողովի համակարգող Մ. Հակոբյանը:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 21 բանախոս է ելույթ ունենալու. «Ներկայացվելու է Այվազովսկու արվեստի նորահայտ էջեր, որոնց մասին երբեք չի խոսվել, չի ներկայացվել: Ընդհանուր առմամբ, լինելու է բացահայտում: Զեկուցողների մեծ մասը, ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մեր գործընկերները, նշում են Այվազովսու հայկական ծագումը: Տրետյակովյան պատկերասրահում նախորդ տարի բացված ցուցահանդեսի ժամանակ տարբեր մասնագետներ հարցազրույցներ էին տալիս՝ նշելով նաև նկարչի հայկական ծագումը»:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ծովանկարչի՝ ազգանվան փոփոխության հետ կապված, նա ասաց, որ գիտաժողովին նաև այս առնչությամբ են լինելու զեկույցներ, ներկայացվելու են կոնկրետ վավերագրեր, փաստաթղթեր, ինչպես է դա տեղի ունեցել, որ էտապում:
«Նամակներում ի սկզբանե Գայվազյան է եղել, այնուհետև փոխարինվել է Այվազյան: Միայն նրա եղբոր ազգանունն է մնացել Այվազյան՝ Գաբրիել Այվազյան, ով եղել է Մխիթարյան միաբանության միաբան: Այնուհետև Հովհաննես Այվազյանը, տեղափոխվելով այլ միջավայրեր, շրջապատ, փոխարինվում է Այվազովսկով»:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
- «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
- ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան