ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց նախօրեին քննարկված՝ «Ճարտարապետական գործունեության մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» «Հավաքների ազատության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը։
Ճարտարապետական գործունեության մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ, կողմ քվեարկեց 82, դեմ 11 և ձեռնպահ 1 պատգամավոր։
«Մենք կողմ կքվեարկենք առաջին ընթերցմանը, սակայն շատ անհասկանալի է՝ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության և ԱԺ համապատասխան ստորաբաժանումների կողմից տրված իրավական եզրակացությունների առկայության պայմաններում հանկարծ պետաիրավական հանձնաժողովի նախագահը լուրջ առարկություններ է ներկայացնում հակասահմանադրականության վերաբերյալ։ Ես խնդրում եմ, պարզություն թող մտցվի և մինչև երկրորդ ընթերցումը նոր կտեսնենք ինչ տիպի մարմին է սա»,-ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Մենք շատ ենք կարևորում այս օրենքի նախագիծը, երեկ սակայն քննարկման ընթացքում ի հայտ եկան մի շարք որոգայթներ, որոնք այս փուլում այս տեսքով թույլ չեն տալիս կողմ քվեարկել։ «Ելք» խմբակցությունը կքվեարկի դեմ և մենք պատրաստակամ ենք աշխատել օրենքում ի հայտ եկած որոգայթները վերացնելու համար»։
Ազգային ժողովը 68 կողմ, 28 դեմ ձայներով ընդունեց նաև «Հավաքների ազատության մասին օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցն առաջին ընթերցմամբ:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս օրենքի հետ կապված անընդունելի մոտեցումներ կան, այդ պատճառով էլ դեմ են քվեարկելու:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լուրջ մտահոգությունները, որ ունեին օրենքի հետ կապված, հարակից ու հիմնական զեկուցողները երեկ պաշտոնապես փարատեցին և «Ելք»-ի պատգամավորները կողմ քվեարկեցին:
Նշենք, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այսօր նաև սպասվում է ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում շարունակվում է Ճարտարապետների պալատի ստեղծման հարցի քննարկումը
- Սպասո՞ւմ էին արդյոք ճարտարապետները իրենց մասին օրենքին
- Նախատեսվում է ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ