Հենց վաղը տասը երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Ղարաբաղ. Էդվարդ Նալբանդյան
Ինչպես է հաջողվում Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի մեղանչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր այդ երկրի իշխանությունների հետապնդումներից փախչելով գտնվում են այսօր արտասահմանում:Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդֆ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու թեմային։
«Ինչ վերաբերում է բուն այդ գործի վերաբերյալ արձագանքին, հիշում եմ, որ Լապշինի վերաբերյալ հարց էր հնչել հենց այստեղ՝ Ազգային ժողովում։ Մտահոգություն էր արտահայտվել, որ բլոգերները, հատկապես, զբոսաշրջության հարցերով զբաղվող բլոգերները, այլևս չեն գնա Ղարաբաղ, զբոսաշրջիկների թիվը կնվազի։ Բայց մենք ունեցանք այլ պատկեր։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ դուք կտեսնեք, որ բլոգերները ինչպես գնացել են, այնպես էլ կշարունակեն գնալ:
Դուք հիշում եք, որ Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո մոտ տասը երկրներից բլոգերներ այցելեցին Ղարաբաղ։ Այս ընթացքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճեց:
Նաև կարող եմ տեղեկացնել, որ հենց վաղը տասը երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Ղարաբաղ՝ մասնակցելու Արցախի գինու փառատոնին: Բլոգերներից մի քանիսը պատրաստվում են նաև նկարահանումներ իրականացնել և ներկայացնել Ղարաբաղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից և հրավիրելով զբոսաշրջիկներին այցելել Արցախ: Սա է արձագանքը: Եվ ոչ միայն բլոգերներ։
Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում, «սև ցուցակներ» է կազմում և այլն։ Սակայն փաստ է, որ Ղարաբաղ այցելող թե՛ պատգամավորների, թե՛ քաղաքական և թե՛ մշակութային գործիչների թիվն ավելանում է, և այդպես էլ կշարունակվի»,- ընդգծելէ Էդվարդ Նալբանդյանը։
Նախարարի խոսքով, Ադրբեջանի իշխանությունների ձեռքից չես կարող բռնել, ստիպել, որպեսզի իրենք մեկ օրում փոխվեն, այլ քաղաքականություն վարեն: «Նրանց վարքագիծը այն բանի հետևանք է, որ գտնվելով ջղաձգային իրավիճակում՝ շարունակում են իրենց փորձերը, որոնք հակառակ արդյունք են տալիս: Դա է կարևորը:
Եվ ոչ միայն բլոգերների, այլև ձեզ ծանոթ է միջազգային հանրության արձագանքը: Դուք հիշում եք, որ որոշ երկրներից հնչեց համապատասխան արձագանք։ Մի քանի հայտարարություն արվեց արտգործնախարարությունների կողմից նաև «սև ցուցակների» վերաբերյալ, հայկական ազգանուններ ունեցող մարդկանց օդանավակայանից հետ ուղարկելու վերաբերյալ:
Չէի ցանկանա մեջբերել այդ հայտարարությունները, դրանք հայտնի են և արվել են ոչ մեկ երկրի և ոչ մեկ արտաքին գործերի նախարարության կողմից: Համապատասխան դատողություններ արեք: Ես չեմ ասում, որ մեր աշխատանքի շնորհիվ են բլոգերներ գնում Արցախ կամ այդպիսի հայտարարություններ են արվում։ Ես միայն ներկայացնում եմ փաստերը»,- ամփոփել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Լապշինն ազատ արձակվեց միջազգային ճնշումների ներքո
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
- Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան