ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/: Գնահատել անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը:
Հայտնում են Բնապահպանության նախարարությունից ու մանրամասնում, որ դիտարկումների արդյունքում ձևավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ:
«Սակայն խմբի անդամներն ուրախությամբ և զարմանքով արձանագրել են, որ հրդեհից արդեն կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ»,-ասված է ԲՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն շեշտել է, որ հրդեհի առաջին իսկ օրվանից իրազեկված են եղել աղետի ընթացքի վերաբերյալ, առաջարկել են իրենց օգնությունը և կարճ ժամանակահատվածում մասնագիտական խումբը կազմավորվել և հրավիրվել է Հայաստան, որպեսզի աջակցի վերականգնողական աշխատանքներին: Ըստ բանախոսի, մասնագիտական գնահատականները կտրամադրվեն նաև հասարակական կազմակերպություններին:
Անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերը նշել է, որ արգելոցում պետք է նպաստել բնական վեարականգնման գործընթացին, ինչն արդեն այսօր նկատելի է:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի բաժնի պետ Արամ Աղասյանը նկատել է, որ ուսումնասիրություններ և մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախատեսվում է այրված տարածքներում գիտական նպատակներով առանձնացնել փորձահրապարակներ, որտեղ իրականացվելիք ուսումնասիրությունների արդյուքները թույլ կտան հետագայում մոդելավորել և կանխատեսել բնական էկոհամակարգերի վերականգնման ընթացքը:
Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու նպատակով:
Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ և ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- ՌԴ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի՝ Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
- ԱՄՆ անտառային ծառայության աշխատակիցները առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք միջոցների մասին
- Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության մասնագետները հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները կսկսեն վաղվանից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան