Առաջատարների խմբին է միացել Հայկ Մարտիրոսյանը
Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մինչև 18 տարեկան տղաների պայքարում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնել և առաջատարների խմբին է միացել Հայկ Մարտիրոսյանը: Այս ենթախմբում հանդես եկող Կոնստանտին Յայլոյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ և մրցաշարի երեք առաջատարներին զիջում է կես միավոր:
Մինչև 16 տարեկանների խմբի առաջատար Արամ Հակոբյանը 6-րդ տուրում պարտություն է կրել Վիկտոր Մատվիիշենիից, ով 5.5 միավորով սկսել է միանձնյա գլխավորել աղյուսակը: Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ով 6-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել, 4.5-ական միավորով կիսում են 4-13-րդ հորիզոնականները:
Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ և մրցաշարի 6 առաջատարներին զիջում է կես միավոր:
Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում աղյուսակը գլխավորում են 5.5-ական միավոր վաստակած Այդին Սուլեյմանլին և Չիժի Յակուբը: Ռոբերտ Մուրադյանը և Արսեն Դավթյանը վաստակել են 4-ական միավոր:
Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով:
Մինչև 8 տարեկանների ենթախմբում Գագիկ Նավոյանը 5 միավորով կիսում է 3-10-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում Սոնա Ասատրայնը 5 միավորով կիսում է 2-3-րդ հորիզոնականները: 4 միավոր վաստակած Մարիամ Ավետիսյանը գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Աննա Սարգսյանը վաստակել է 4.5 միավոր և մրցաշարի միանձնյա առաջատար Օլգա Բադելկային զիջում է 1 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը 6-րդ տուրում պարտություն է կրել և զիջել իր դիրքերը. այժմ նա 4 միավորով կիսում է 10-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Դիանա Լոմայան: 3.5-ական միավոր վաստակած Հասմիկ Քոչինյանը և Աստղիկ Հակոբյանը գտնվում են աղյուսակի միջնամասում:
Մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Անահիտ Մուրադյանը տոնել է 5-րդ անընմեջ հաղթանակը և այժմ կիսում է 2-5-րդ հորիզոնականները:
Մինչև 8 տարեկան աղջիկների ենթախմբում առաջատարների խմբում ընթացող Անահիտ Մկրտչյանը 6-րդ տուրում պարտություն է կրել և 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: