ՄԱԿ. Երկու շաբաթում կգնահատվի «Նաիրիտ»-ում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը
ՄԱԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը «Նաիրիտ» գործարանում քիմիական վտանգավոր իրավիճակը գնահատելու նպատակով
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդունել է միջազգային փորձագիտական խմբին, որը Հայաստան է ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ/ OCHA) օժանդակությամբ՝ վերջինիս և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) համատեղ ստորաբաժանման միջոցով: Միջազգային երեք փորձագետներից կազմված խումբը Հայաստանում է ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խնդրանքով՝ արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրները գնահատելու հարցում աջակցության ցուցաբերելու համար:
Փորձագետները Հայաստան են ժամանել կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, և արդեն իսկ հանդիպել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի ու նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ: Նրանք հանդիպել են նաև «Նաիրիտ» գործարանի ղեկավարության հետ և այցելել գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին ու գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերի կառավարման հետ կապված իրավիճակին:
Փորձագիտական խումբը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է առաքելության նպատակները և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև փոխանցել տեղում իրավիճակի վերաբերյալ տպավորությունները: Պարոն Բուզետտոն շնորհակալություն է հայտնել խմբի արագ ժամանման համար և վերահաստատել առաքելության ողջ ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությունը խմբին:
Ըստ աղբյուրի, փորձագիտական խումբը հավաքագրվել է Ժնևում տեղակայված՝ ՄԱՇՄԾ / ՄԳՀԳ համատեղ ստորաբաժանման (JEU) միջոցով, որը հետևում է միջազգային արձագանքման մեխանիզմների ակտիվացմանն ու զբաղվում բնապահպանական և/կամ արդյունաբերական արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան անձնակազմերի տեղակայմամբ։ Մարդասիրական դոնոր համայնքն անմիջապես արձագանքել է տեխնիկական աջակցության խնդրանքին։ Մասնավորապես, գործի է դրվել Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, որը գործուղել է մեկական քիմիական փորձագետ Շվեդիայից և Ֆրանսիայից։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ապահովել է ևս մեկ՝ շվեյցարացի փորձագետի մասնակցությունն այս գնահատմանը։
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առաքելությունը կգնահատի «Նաիրիտ» գործարանում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը և կանխարգելման ու ազդեցության մեղմացման վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարությանը։
Օգոստոսի 28-ին Երևանի «Նաիրիտ» գործարանում հրդեհ էր բռնկվել։ Այրվող քիմիական նյութերի քանակը և բնույթն այնպիսին էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) կարողացավ արագորեն տեղայնացնել կրակը, սակայն հրդեհի լիարժեք մարման համար ժամանակ պահանջվեց։ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը հրդեհի տարածքում և ընդհանուր Երևանում անցկացրեց օդի աղտոտվածության մոնիտորինգ՝ հաղորդելով, որ օդի աղտոտվածության մակարդակը չի գերազանցում վտանգավորության սահմանը։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» գործարանը
- Հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարանում» բռնկված հրդեհի դեպքի առթիվ
- Կուսումնասիրվի, թե ինչպես ոչնչացնել և տեղափոխել «Նաիրիտ»-ի արտադրական թափոնները . Դավիթ Տոնոյան
- Քիմիկոս. «Նաիրիտ»-ի հրդեհից հետո կատարված անալիզների մեջ շմոլ գազի բաղադրիչը չի մտել
- «Նաիրիտ» գործարանում հրդեհի օջախները սպառված են
- «Նաիրիտ»-ի հարակից տարածքների օդը, ըստ մոնիտորինգի, մարդու առողջությանը անմիջական վտանգ չեն ներկայացնում. ԲՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում