Վարչապետ. Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը կառավարության ղեկավարից հետաքրարվեց, թե ինչո՞ւ նա չի այցելում արևմտյան երկրներ՝ Հայաստանի տնտեսական բարեփոխման նպատակով ներդրումներ ներգրավելու համար:
Պատգամավորը հնարավոր երկու պատճառ նշեց՝ մեկը, որ չեն հրավիրում, մյուսն էլ՝ հրավիրում են, բայց հայկական կողմից մերժում են ստանում:
«Իրականում ես կարծում եմ, որ ձեզ հրավիրում են, բայց այդ այցերը մենք չենք տեսնում: Ի դեպ, երկու տարբերական էլ մեր երկրի համար շատ վատ է»,-ասաց Մարուքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ի պատասխան ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Իրականում այցն ինքնանպատակ չէ, եթե չենք այցելում, դա դեռ չի նշանակում, որ արևմտյան երկրների կամ այդ երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, դա կլինի այն ժամանակ, երբ կլինի օրակարագ ու առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի, կներեք արտահայտությանս համար, բոլոր մնացած այցերը նույն ձև են»:
Անդրադառնալով արևմտյան երկրներից ներդրումներին, կառավարության ղեկավարն ասաց, Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, որևէ այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերվել: Վարչապետն ասաց, որ տարին ամփոփելիս ներկայացնելու են շատ լայնամասշատ պատասխաններ, որտեղ կլինեն շուկաների վերաբերյալ հետազոտություններ ու թվեր:
« 26.1 տոկոս արտահանման աճ ունենալով՝ Եվրոպական երկրների աճի տեմպը գերազանցում է ԵԱՏՄ աճին»,-ասաց վարչապետն ու ավելացրեց, երբ օրակարագ լինի, կլինեն այցերը:
Մարուքյանը փորձեց հստակեցնել՝ չկա՞ առարկայական օրակարգ:
Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ նման բան չի ասել, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գործընկերների հետ շփումները հաճախակի են, , նախագծերը՝ շատ, այց կատարելու օրակարգ չկա այս պահին:
«Անպատճառ պետք է ա՞յց ունենանք, դա՞ է ցուցանիշը: Ես չեմ կարծում: Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: