Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Բեռլինում
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը, Բեռլինում: Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, հղում անելով մրցաշարի կազմակերպիչ World Chess-ին, գրում է, որ մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:
Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից:
Մրցաշարում Սերգեյ Կարյակինին կմիանան ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, Աշխարհի Գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության wild card: