Վարք նախարարությունների -3
Դատական դեպարտամենտ
Մի շտապեք բացատրել, որ դատական դեպարտամենտը նախարարություն չէ՝ ես առնվազն երեք նախարարություն կկպցնեմ այս ենթավերնագրին: Եվ հետո՝ պե՞տք է լինի գոնե մեկ «սխալ» բուն նյութից շեղվելու և հենց դրա մասին մեկնաբանելու համար...
Այսպիսով՝ ես նույնիսկ չեմ գրի այն մասին, որ հարցումը դատական դեպարտամենտ պահանջեցին ուղարկել «Հայփոստի» միջոցով: Քավ լիցի: Ես միանգամից կանցնեմ ասելիքիս:
Հարցումը, որ ուղարկվել էր դատական դեպարտամենտին ֆեյսբուքի նամակագրությամբ (ու տեղ չհասավ), նպատակ ուներ պարզելու՝ ինչու տարիներով դատաիրավական բարեփոխումներ անցկացնելուց, ֆինանսական ծախսեր անելուց հետո այսօր հանկարծ պարզվեց, որ «դատավորները չեն հերիքում» այնքան, որ դատական գործերը ձգձգվում են ու կուտակվում:
Ի՞նչ եղավ:
Բնակչությու՞նն է աճել:
Հանցագործություննե՞րն են շատացել:
Նորի՞ց են պետք ֆինանսներ՝ «նոր բարեփոխումնե՞ր»:
ՀՀ կառավարությունը նույնիսկ արդարադատության նախարարությանը հանձնարարել է ուղիներ գտնել խնդիրը լուծելու համար: Ու սա՝ դպրոցների «օպտիմալացման», ուսուցիչների գործազրկության, դպրոցահասակ երեխաների քանակի նվազման, սահմանային գյուղերի դպրոցների լացելու չափ անմխիթար թողած վիճակին զուգահեռ:
Ի՞նչ է ստացվում. Դպրոցները կրճատվում են, ուսուցիչները մնում են առանց աշխատանքի ու մեզ պետք են նոր դատավորնե՞ր: Այսպիսի՞ երկիր ենք մենք ուզում: Ո՞րն է մեզ համար առաջնահերթությունը:
Վերջերս ԱԻՆ-ը ինքնասպանությունների թիվ հրապարակեց: Կես տարում՝ հարյուրից ավելի: Ու դա՝ քառորդն է այն մասի, որ փորձել են...: Առանց հարցման էլ կարելի է ասել, որ զբաղվածության պակասն ու անտերությունն է նման թվերի պատճառը: Անտերություն՝ այսօրվա ու վաղվա մասին անվստահությունը:
Հավատացնում եմ՝ ավելի դատավորներ պետք չեն: Դրանց քանակը ամեն օր ավելանում է, երբ նայում ես շուրջդ ու համադրում իրողության շերտերը...
Ու այսօր ես էլ եմ դատավոր:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
- Հանրապետական հիվանդանոցում նույն օրվա երկու նորածիններ արյան վարակում են ստացել
- Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
- Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան