Արման Սաղաթելյանը՝ քրդական համայնքի ռադիոհաղորդումների տևողության ու նպատակների մասին
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր Կնյազ Հասանովը առաջարկություն արեց, թե, արդյոք, հնարավո՞ր չէ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող քրդական հաղորդումների տևողությունը երկարացնել՝ հասցնելով գոնե մեկ ժամի։
«Ինչպես գիտեք՝ Հանրային ռադիոյում ունենք քրդական բաժին, որը գործում է դեռևս 1930-ական թվականներից։ Այս ռադիոհաղորդումները հեռարձակվում էին օրական ժամուկես տևողությամբ, որն իր մեջ ներառում էր երգ- երաժշտություն, ռադիոկոմպոզիցիաներ, լուրեր, որը մեծ իրադարձություն էր ինչպես Հայաստանի մեր համայնքի, այնպես էլ՝ դրսում ապրող միլիոնավոր քրդերի համար։ Սակայն սովետական կարգերի փլուզումից հետո մեր ռադիոեթերը ժամուկեսից դարձավ 30 րոպե»,- մտահոգություն հայտնեց Հասանովը։
Պատգամավորի առաջարկին անդրադարձավ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձանժողովի ներկայացուցիչ Արման Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում արտասահմանյան հեռարձակմանը, որի մեջ էին մտնում արաբերեն, թուրքերեն, պարսկերեն քրդերեն, եզդիերեն, 12-ից ավելի լեզուներով հեռարձակումները, այսօր 8-ն են դրանք։
«Ի տարբերություն այն ժամանակաշրջանի, երբ եթերը ժամուկես էր, ու հիմնականում դեպի դուրս մղվող քարոզչական բնույթի նյութեր էին, այսօր ՀՀ-ն և Հանրային ռադիոն այդ ոլորտում որևէ քարոզչական նպատակ, ըստ էության, չեն հետապնդում։ Ուստի՝ հիմնական նպատակը և նշանակությունը մեր ազգային փոքրամասնությունների առօրյա կյանքի ու համայնքում տեղի ունեցող գործընթացները լուսաբանելն է։ Արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբերյալ տեղեկատվություն տալն է, արտերկրում այդ համայնքի ներկայացուցիչների համար մեր երկրում տեղի ունեցածի ներկայացումն է և, իհարկե, լեզվի, մշակույթի, կրոնի պահպանումը, տարածումն ու արխիվավորումը։ Այսօրվա օրով այդ քանակության պարունակություն արտադրելու մեկ ժամվա հեռարձակումն ամբողջ աշխարհով չափազանց ծախստար է, հետևաբար՝ այսօր մենք զերծ ենք մնում դրանից»,- նշեց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։