ԱՄՆ-ը սպասում է ՀՀ կառավարության հիմնավորումներին. ԱՄՆ դեսպան
«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»,- այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Դեսպանը հայտնեց, որ այս շաբաթ Հայաստանում ընդունել է ԱՄՆ-ի առևտրի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի ներկայացնեն GSP-ի համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել:
«Այս ծրագրի շրջանակում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է Միացյալ նահագներ արտահանել արտոնյալ ռեժիմով նվազեցված՝ մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանի արտահանումների 60 տոկոսը ԱՄՆ իրականացնում է GSP ռեժիմի ներքո, մասնավորապես, ալյումինե փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, ջեմեր և այլն: Ես հավատացած եմ, որ Հայաստանի գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ է հնարավոր մոտ ժամանակներում կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։ Դեսպանը նշեց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է. «Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»:
Ռիչարդ Միլսի խոսքերով՝ 1970 ական թվականերին ընդունված և այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրների առևտրային հարաբերությունների իրականացման համար:
«Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ընդգծեց դեսպանը: