ԵՊՀ-ն ոչ թե հոգեմետ դեղեր, այլ քիմիական նյութեր է ներկրելու. Լևոն Ալթունյան
Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ն կառավարության որոշմամբ, երեք տարի ժամկետով թմրամիջոցներ և հոգեմետ դեղորայք ներկրելու լիցենզիա է ստանալու՝ բուհում բացված Ֆարմացիայի ինստիտուտում օգտագործելու նպատակով:
Այսօր լրագրողներն ԱԺ-ում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրրքվեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ մայր բուհին նման արտոնագիր է տրամադրվելու:
«Խոսքը հոգեմետ դեղերի մասին չէ, հոգեմետ դեղերը և պրեկուրսորները մեկ կատեգորիայով են գնում: Պրեկուրդսորների շարքին դասվում է նաև ացետոնը, եթերը, և այլն, և այլն: ԵՊՀ-ում կա լաբորատորի, որն օգտագործում է նշված նյութերը: Այնպես որ, խոսքը ոչ թե հեգեմետ դեղերի, այլ քիմիական նյութերի մասին է»,- կրկնեց առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի պետական համալսարանին: Ըստ այդմ` ԵՊՀ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա: Լիցենզիան կգործի երեք տարի:
Նշվում է նաև, որ որոշումը կկայացվի առանց քննարկման: