«Պարգևատրությունը տեղին է և արժանի». ԿԳ փոխնախարար
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը։
Հիմնական զեկուցողին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, թե ԵԱՏՄ որևէ պետություն միացե՞լ է այս արձանագրությանը և ֆինանասական ինչ ծախսեր է ենթադրում այս հանձնաժողովը։
«Այս արձանագրությանը Ռուսաստանը չի միացել։ Ֆինանսական որևէ հետևանք չի առաջանում մեր պետության համար, բայց որոշակի պարտավորություններ ենթադրվում է, դրանցից մեկն այն է՝ խտրականություն չցուցաբերել կրթության ոլորտում սեռային, ռասսայական, կրոնական հատկություններից ելնելով»,- պատասխանեց նա։
Թանդիլյանն արձագանքեց. «Փաստորեն նորից արձանագրում ենք, որ մեր գործընկեր պետությունները չեն միանում այն կոնվենցիաներին, որոնց միանում ենք մենք»։
Փոխնախարարին հարց ուղղեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ իր հարցն այդքան էլ չի վերաբերում քննարկվող նախագծին. «Դուք քաջատեղյակ եք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու պարգևատրման ամբողջ պատմությանը, խնդրում եմ ասել, ձեր կարծիքով ինչպիսի՞ տպավորություն, ազդակ է թողնում դա և ինչպիսի՞ մեսիջ է գնում դպրոցականներին դրանով»։
Վահրամ Մկրտչյանը նշեց, որ չնայած օրինագծի քննարկմանը չի վերաբերում, բայց կարձագանքի. «Որևէ մեկի գիտելիքը, իր ունակությունն ու հմտությունը որևէ կերպ չեմ ուզում կապել այն հանգամանքի հետ, թե իր հայրն ով է, չեմ ուզում կապ տեսնել նաև այն հանգամանքի հետ, թե ինքն ինչ արարք է թույլ տալիս։ Եթե այդ երիտասարդը իր կրթության ողջ ընթացքում պատշաճ որակ է ցուցաբերել, հետևաբար պարգևատրությունը տեղին է և արժանի»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մկրտչյանը՝ Հրազդանի քաղաքապետի որդուն պարգևատրելու մասին
- «Ղեկին Հրազդանի քաղաքապետի որդին չի եղել»
- Հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները