Որևէ խնդիր չունեմ, ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները. Ամիրյան
«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս, որ տարվա ընթացքում այդ թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:
Նախարարի խոսքերով՝ թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին էլ Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր. «Բացի այդ, ունենք հստակ հանձնարարական ՀՀ նախագահից՝ ստեղծել ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված թանգարան: Հիմա մշակվում է կոնցեպցիան»։
Խոսելով «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի մասին՝ նախարարը նշեց, որ որևէ ցուցադրություն՝ լինի ժամանակավոր, թե հիմնական, թանգարանը, ՊՈԱԿ-ը պարտավոր է համաձայնեցնել նախարարության հետ: Մինչդեռ, ըստ նրա, նախարարություն ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմանագրում կամ առանձին համաձայնությամբ, որևէ տեղ նշված չէ նման ցուցադրության մասին:
Դիտարկմանը, թե 22 օր ցուցադրությունը գործել է, միթե՞ նախարարությունը տեղյակ չի եղել դրա մասին, նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ: Նախարարությունը իմացել է բացումից մոտ մեկ շաբաթ հետո: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք, որ թանգարանի տնօրինությունը վերատեսության ենթարկի, նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնի, որպեսզի ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից վերականգնվի»:
Հարցին, թե թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ ասում է, որ նախարարությունը տեղյակ է եղել, բացի այդ նրան սպառնացել են, արդյոք խնդիր կա՞ , Մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող բացատրություն տալ, թե ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել նրան, և որևէ մեկն իրավունք չունի մեր թանգարանի տնօրենին սպառնալու։ Եթե եղել են սպառնալիքներ, ապա նրանք պատասխան կտան»:
Միաժամանակ Արմեն Ամիրյանն ասաց, որ Թուխիկյանը լավագույն տնօրեններից է և դա է պատճառը, որ ինքը բավարարվում է միայն բանավոր դիտողությամբ, իսկ ազատման մասին խոսք լինել չի կարող:
Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի. «Նորից եմ կրկնում, որ բովանդակության հետ մենք որևէ խնդիր չունենք, առավել ևս ես՝ որևէ խնդիր չունեմ, քանի որ այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները: Մի մոռացեք դրա մասին»:
Ինչ վերաբերում է փոխանախարար Արև Սամուելյանի հայտարարությանը, թե ցուցահանդեսը քաղաքական ենթատեքստ ուներ, նախարարն ասաց, որ ինքը երեկ գիշերն է եկել և տեղյակ չէ, թե ինչ է ասել իր տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի և ներկայի հետ, որպեսզի կարողանա ապագա ստեղծել. Կ.Խոդիկյան
- «Ա՜յ, հա՜յ. էս ո՞ւր ենք հասել». ցուցահանդեսի փակման մասին
- Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում