«Ելք»-ի նախաձեռնությունը բխում է ժողովրդի, ոչ թե իշխանության շահերից. Գագիկ Մելիքյան
««Ելք» խմբակցությունն իրացրել է ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն վերապահված իրավունքը՝ խորհրդարանի նախագահին միջնորդություն ներկայացնելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու քննարկումների նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: ԱԺ նախագահը կանոնակարգ օրենքի համաձայն կորոշի՝ որ հանձնաժողովը կլինի գլխադասային և միջնորդությունը կուղղորդի տվյալ հանձնաժողով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ գլխադասային կարող է լինել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը:
«Հարցի քննարկումն առաջին հերթին բխում է ժողովրդի և պետության, ոչ թե իշխանության կամ ընդդիմության շահերից: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ողջունել է նաև ժողովուրդը, և այսօր նույնիսկ հանրաքվե իրականացնելու դեպքում կարելի է համոզված լինել, որ դա ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է եղել: Այս պահին նույնպես»,- նշեց Գագիկ Մելիքյանը:
Հարցին՝ ինչո՞ւ շարքային քաղաքացին իր վրա չի զգում ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը, ՀՀԿ-ական գործիչը հարցով պատասխանեց. «Ձեր կարծիքով, սովորական ժողովուրդն անմիջապես պետք է զգա՞ դա: Պետք է զգա այն ժամանակ, երբ արդյունքները տեսանելի կլինեն: Իսկ որ դրական արդյունքներ կան, միանշանակ է: Անդամակցության դրական արդյունքների մասին երեկ խոսեց նաև ՀՀ վարչապետը: Մասնավորապես, արտահանման ծավալներն աճել են 25 տոկոսով, տնտեսական աճն արդեն իսկ զգալի է, առաջընթացը՝ տեսանելի:
Կոնկրետ բավական լուրջ փոփոխություններ են իրականացվել օրենսդրական դաշտում՝ ներդրումային արդյունավետ հնարավորություններ ստեղծելու համար: Ինտեգրումն այնպիսի միավորի մեջ, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, շատ ավելի հեշտ է իրականացնել, քան ինտեգրումն այնպիսի տնտեսության մեջ, որին երբեք չենք անդամակցել: Խոսքս ԵՄ տնտեսության մասին է»։
Գագիկ Մելիքյանը նաև հավելեց, որ ռազմաքաղաքական առումով էլ Հայաստանին բավական լուրջ առավելություններ է տվել ՀԱՊԿ անդամակցությունը:
Հանրապետական գործիչը համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եղել է ամենաճիշտ քայլը: Իսկ այն, որ ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ավելի է աճել, քան ԵԱՏՄ-ի հետ, պատգամավորը բացատրեց. «փոքր առևտրաշրջանառության թեկուզ չնչին ավելացումը տոկոսային հարաբերակցությամբ ավելի մեծ է երևում»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԵԱՏՄ-ին այլընտրանք կա, «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն. Միքայել Մեքումյան
- Հայաստանն օր առաջ պետք է լքի ԵԱՏՄ-ն. Մանե Թանդիլյան
- «Ելք»-ը դեռևս որոշում չի ընդունել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հարցում. ՀԺ
- «Ելքն» աշնան սկզբին կքննարկի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին