Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր. ԱՆ
Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ նպատակով նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր:
Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերու¬թյունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել են սույն ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննված պահանջներով կայացված որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր:
«ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները` «Արմենիա ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի ինշուրանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ ինշուրանս» արդեն ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել:
Սոցիալական փաթեթի շահառուների բաշխումն ապահովագրական ընկերությունների միջև իրականացվելու է պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից սպասարկվող շահառուների թիվը որոշվում է ապահովագրական ընկերությունների՝ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրած ցուցանիշների գնահատման վրա հիմնված բազմագործոն համակարգի միջոցով, որի մանրամասն նկարագիրը ներկայացված է ՀՀ կառավարության N 915–Ն որոշման մեջ:
Շահառուների ցանկի բաշխումից հետո ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուրն իր կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ կուղարկեն տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ: առողջապահական փաթեթի հասանելիության ապահովման նպատակով ստեղծված այդ ծանուցումները կուղարկվեն էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների էլեկտրոնային փոստերին:
Հոկտեմբերի 1-ից գործարկվող նոր համակարգի վերաբերյալ շահառուներին ծանուցումներ կուղարկի նաև առողջապահության նախարարությունը»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում
- Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների ցանկը