Կառավարությունը մերժեց դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրինագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը, համապատասխանաբար, կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի իր առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, կնվազեն պետբյուջեի եկամուտները:
Անդրադառնալով օրինագծին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է ուշադիր լինել ընդհանրապես հարկային արտոնություն տալու բանաձևի նկատմամբ, հատկապես, որ իրականացվում է սոցիալապես խոցելի խավերին աջակցելու քաղաքականություն:
Վարչապետն առաջարկել է ձևավորել նախաձեռնող խմբերի հետ հանդիպելու և կառավարության տեսակետը ներկայացնելու պրակտիկա: