Դե վսյո... նայեք նկարչություն չլինի. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2012 թվականից գյուղացիներին տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին։ Վարչապետը հիշեցրեց, որ այդ խնդրի լուծման համար մայիսին կառավարության կողմից տրվել է համապատասխան հանձնարարական։
Կարեն Կարապետյանը դիմելով Գյուղատնտեսության նախարարին՝ խնդրեց ներկայացնել իրավիճակը։
Նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ համաձայն հանձնարարականի՝ իրենք դիմել են Տարածքային կառավարման նախարարություն և մարզպետարաններին, որպեսզի տրամադրեն պարտքերը՝ ըստ հասցեատերերի, որովհետև գումարները ֆիքսված են: Նախարարն ասաց, որ համապատասխան ցուցակը ստանալուց հետո կամփոփեն, իսկ հետո կներկայացնենք կառավարություն՝ համապատասխան որոշում, մասնավորապես, զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար:
«Բայց քանի դեռ ցուցակները հասցեական չկան, մենք չենք կարողանում ամփոփել: Այժմ շարունակական աշխատում ենք, ցուցակները տրամադրում են մարզպետարանները, բայց թերի են լինում, որը հետո նորից վերադարձնում ենք: Այս պահին դեռ աշխատանքային փուլում ենք: Մինչև չտան անվանական հստակ ցուցակներ՝ մենք չենք կարող ներկայացնել կառավարության որոշում»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Նա հիշեցրեց, որ խոսքը 2012-2016 թվականների պարտքերի մասին է, իսկ 2017-ին ինչ տրամադրվել է՝ վճարվել է, որևէ պարտք չի գոյացել:
Կարեն Կարապետյանն էլ նշեց, որ սուբսիդավորման ենթակա սերմը, պարարատանյութը, դիզվառելիքը տրամադրելիս, ֆինանսական կարգապահությունը եղել է 100 տոկոսանոց. «Մենք որոշում ենք կայացրել՝ այն պարտքերը, որոնք գյուղացիների մոտ կուտակվել են 2012-2016 թվականների ընթացքում՝ զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, մանավանդ, որ 2017-ի պրակտիկան ցույց է տալիս, որ գործընթացը կարելի է կազմակերպել պարտք չկուտակելով: Այդ խնդիրը կարգավորելու համար ընդամենը պետք է կարգապահ ներկայացնել այդ ցուցակները»։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որպեսզի մեկշաբաթյա ժամկետում ամփոփեն:
Բացի այդ, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։
«Մենք այսուհետև շատ կոշտ կարգապահությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից հանում ենք պարոն Առաքելյան, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ և նրան պետք է ասենք, որ այս զիջումը ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակներին, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել:
Դավիթ Լոքյանն ասաց, որ հանձնարարականի հետո, դեռևս 2016 թ-ի նոյեմբերին մարզպետարնները ներկայացրել են այդ ցուցակները, որը փոխանցվել է գյուղնախարարություն. «Ուղղակի կան գյուղապետեր, որոնք չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ Հայաստանում չեն եղել, ուստի 12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից»։
«Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞», - հետաքրքվեց վարչապետը:
Նախարարը դրական պատասխանեց: Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ «գյուղապետերը կա՞ն», ինչին Լոքյանը դրական արձագանք տվեց:
«Դե վսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք: Եթե ապրանքը հասցեատիրոջը չի հասցրել, ինչո՞ւմն է խնդիրը: Նայեք, որպեսզի էնտեղ նկարչություն չլինի», - նշեց Կարեն Կարապետյանը: