«Այսօր հավատի բացակայություն կա բարձրագույն կրթության նկատմամբ». քննարկում
Այս տարի բուհերում մեծ թվով թափուր տեղերի առկայությունը մի քանի հանգամանքով էր պայմանավորված։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ներկայացնելով այդ հանգամանքները։
«12-ամյա կրթական համակարգը, որի արդյունքում 2006 թ. դպրոցներ ընդունել էին երկու խմբի առաջին դասարանցիներ, ավելի շատ եկել էին ավագ առաջին դասարան, որովհետև այդ երեխաները պետք է սովորեին 11 տարի, կրտսեր առաջին դասարանը, որը հաջորդ տարի կավարտի, ավելի քիչ երեխաներ գնացին, որովհետև մեկ տարի ավել պետք է սովորեին։
Այդ տարի մեծ աժիոտաժ կար, բոլորը փորձում էին երեխաներին խցկել այն դասարանը, որտեղ երեխաները 11 տարի պիտի սովորեին, այդ երեխաներն ավարտեցին, մյուսներն էլ հաջորդ տարի կավարտեն: Դրա պատճառով դիմորդների թվի օբյեկտիվ անկում կա։ 2020 թ. դիմորդների թիվը շատ ավելի մեծ կլինի, սա նաև 12-ամյա պարտադիր կրթության հետ է կապված: Դիմորդների թվի անկման մյուս պատճառն էլ Հայաստանում Ամերիկյան համալսարանում բակալավրիատ բացվելն էր»,- նշեց Սերոբ խաչատրյանը։
Նվազման պատճառներից նա նշեց նաև արտագաղթը։
Ինչ վերաբերում է որակի հետ կապված խնդրիներին՝ փորձագետն ասաց, որ հիմա բուհական կրթությունը ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան նախկինում էր։
«Այնքան շատ եղավ առաջարկը, բուհում սովորելն այնքան պարզեցվեց, իսկ դրան չհետևեց որակի խիստ վերահսկողությունը, որ արդյունքում, ըստ էության, այսօր շատերը նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ ընդհանրապես չեն շարունակում: համալիր պատճառներ կային, որոնք այս տարի կուտակվեցին»,-եզրահանգման է եղել Սերոբ Խաչատրյանը:
Հանդիպմանը ներկա Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ բարձրագույն կրթության որակն այսօր ամենագլխավոր խնդիրներից մեկն է դարձել. «Այսօր հավատի բացակայություն կա բարձրագույն կրթության նկատմամբ։ Մեզ մոտ որակը ցանկանում են ապահովել փաստաթղթերի մակարդակով, բայց իրականում որակն ապահովվում է դասավանդման և ուսումնառության մակարդակով։ Այսօր ուսանողն ինֆորմացիա ստանալու կարիք չունի, այլ կարիք ունի ուղղորդման, թե որ ինֆորմացիան վերացնի, որը թողնի և ինչ անի այդ ինֆորմացիայի հետ»։
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը հայտնեց, որ եթե այս տարի կա ընդամենը 20 հազար շրջանավարտ, հաջորդ տարի ուղիղ կեսը կլինի՝ 10-11 հազար:
«Այսինքն՝ հաջորդ տարի պետք է սպասենք էլի պակաս թվով ընդունելություն: 2011թ. էլ շատ քիչ շրջանավարտներ ունեինք՝ պայմանավորված նույն փոփոխություններով: Այս իրավիճակը մեկ տարով չի պայմանավորված, բնականաբար, այն շարունակվելու է 4 տարի, ուսումնական հաստատություններն այս իրավիճակից տեղյակ են, բնականաբար, իրենց ռազմավարությունը, իրենց խորհուրդների կողմից կազմվող ծախսային նախահաշիվները կվերանայվեն»,-ասաց Սուքիասյանը:
«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի գնահտմամբ էլ բարձրագույն կրթության որակի համար աշխատանք պետք է տանել դեռ դպրոցի տարիքից. «Դպրոցը պետք է ձևավորի անձնավորության, որը կօգտագործի բուհը որպես գործիք, բայց չի բավարարվի այդ գործիքով, կունենա սովորելու տենչ՝ գիտակցելով և հասականալով, որ դա իր հմտությունների շարունակության իրագործումն է»։
Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության մեջ հայաստանում մի ընդհանուր խնդիր կա՝ շատ ենք պարփակված մեր մեջ։
«Մենք լավագույն ձեռքբերում ենք համարում համալսարանի ձեռքբերումը, մինչդեռ դա աշխարհում սովորական երևույթ է։ Այս նույն ընթացքում աշխարհում հետաքրքիր գործընթացներ են գնում այս ոլորտում, որոնց չարձագանքելն, իմ կարծիքով, անլուրջ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները