«Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլի համար դիմում-հայտ է ներկայացրել 50-ից ավել թիմ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող 50-ից ավել թիմ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանից տեղեկացնում են, որ մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ, սակայն այս տարի դիմում-հայտ ներկայացրած ստարտափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։
«Ստարտափներից ոմանք լուծումներ են առաջարկում կրթության ոլորտում, մասնավորապես ծրագրավորման ուսուցման տարբեր եղանակների և փորձառությունների վերաբերյալ, ինչը նույնպես համահունչ է միջազգային շուկայում տիրող տենդենցներին։ Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին և այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։
«Իր ձևաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաև աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Seedstars Երևան» սթարթափների մրցույթի մասնակցության դիմում-հայտերը դեռ ընդունվում են և հետաքրքրված ստարտափները կարող են դիմել՝ այցելելով հետևյալ կայք և մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի 19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։