«Ճարտարապետության շաբաթ» միջազգային փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում արդեն 10 տարի տեղի է ունենում «Ճարտարապետության շաբաթ» ճարտարապետության և քաղաքաշինության ամենամյա միջազգային փառատոնը: Այն ներկայացնում է ժամանակակից աշխարհի ճարտարապետության, քաղաքաշինության, լանդշաֆտի, քաղաքի վերածնման ու զարգացման օրինակներով ամենավառ նախագծերը: Փառատոնը ներառում է դասախոսություններ, մասնագիտական գիտաժողով, քաղաքային զբոսանքներ, կինոդիտումներ և այլ միջոցառումներ: Գլխավոր նպատակն է ստեղծել հարթակ ճարտարապետների և հասարակության միջև, ներկայացնել ճարտարապետությունը որպես միավորող տարր տարբեր երկրների և մշակույթների միջև:
Հայաստանը մասնակցում է փառատոնին 2013 թվականից: Հայաստանի համար ստեղծված արտոնյալ պայմաններին համապատասխան՝ հայկական տաղավարը ներկայացնողներն ընտրվում են մրցութային կարգով: Հայաստանը ներկայացրել են «Ուրբանլաբ Երևանե, «Ստորակետ», «Արխկոպ», «Արվեստ», «Ուրբան Յունիթ», «Թիմ Ֆլինն» և «Էյ ընդ էլ» ճարտարապետական արվեստանոցները:
Այս տարվա հոկտեմբերի 2-8-ին «Ճարտարապետության շաբաթ» միջազգային փառատոնն առաջին անգամ տեղի կունենա Երևանում, թեման է «Ստեղծելով պատմություն»:
Փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ներկայացված կլինեն մի շարք նախագծեր և մանրակերտեր աշխարհի տարբեր երկրներից: Հատուկ հրավիրված ճարտարապետները կկարդան դասախոսություններ: Ներկայացվելու է Իլա Բեկա և Լուի Լեմոնյեի «Ապրող Ճարտարապետություններ» (Ila BՍka and Louise Lemoine - Living Architectures) շարքի ֆիլմերը, որոնք Հայաստանում դեռ չեն ցուցադրվել:
Տ. Զաքարյանի ներկայացմամբ, Պրահայում փառատոնը մի քանի բաժիններից է կազմված, որոնք անցկացվում են տարբեր երկրներում:
«Կոնցեպտուալ բաժինը միշտ անցկացվել է Պրահայում, բայց այս տարի այն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Իհարկե, այն մասշտաբի չի կարող լինել, ինչ Պրահայում, բայց մենք էլ ենք այդ ճանապարհին»,- նշեց նա:
Տ. Զաքարյանը տեղեկացրեց, որ Պրահայում փառատոնի ընթացքում ներկայացվելու է միայն բարոկկո ոճը:
«Մեր՝ «Ճարտարապետական շաբաթ» կազմակերպությունն այս տարի պայմանագիր կնքեց փառատոնի հետ, որ փառատոնի կոնցեպտուալ մասն անցկացվի Հայաստանում, քանի որ այնտեղ կազմակերպվող ցուցադրությանը մենք չէինք կարող մասնակցել, բարոկկո ժամանակաշրջանի ճարտարապետություն մենք ուղղակիորեն չունենք: Այդ պատճառով որոշվեց միջազգային մասն անցկացնել Հայաստանում»,- ասաց փառատոնի տնօրեն Տ. Զաքարյանը՝ մանրամասնելով, թե ինչու որոշում կայացվեց փառատոնի միջազգային մասն անցկացնել Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին