«Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթին։
Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից։
Հարց. Դուք միակ հայն եք, որ նման բարձունքների է հասել՝ որպես ֆուտբոլիստ, Հատկապես ի՞նչն է Ձեզ մղել առաջ՝ տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը…գուցե նշանակալի լինելու ցանկությո՞ւնը:
Հենրիխ Մխիթարյան. Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին:
Հարց. Փառքը ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում՝ լավ կամ վատ: Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել այն մարդկանց համար, ովքեր ունեն Ձեր կարիքը:
Հենրիխ Մխիթարյան. Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերը իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է:
Հարց. Ունե՞ք չիրականացած երազանքներ:
Հենրիխ Մխիթարյան. Ես միշտ չիրականացած երազանքներ ունեմ, որովհետև հենց երազանքս իրականանում է, նույն պահին ծնվում է մեկ ուրիշը: Ես դրանց նպատակներ եմ կոչում, որովհետև ես պասիվ երազող չեմ, քո երազանքները ինքդ պիտի իրականացնես: Նպատակները մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն են: Եթե նպատակները չլինեն, մենք կանգ կառնենք:
Հարց. Ո՞րն եք համարում Ձեր ամենայուրահատուկ գոլը, ամենասիրելին…
Հենրիխ Մխիթարյան. Անկասկած, դա «կարիճ» ոճով խփած գոլն է 2016թ. դեկտեմբերին: Գեղեցիկ էր, նուրբ, ճշգրիտ:
Հարց. Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:
Հենրիխ Մխիթարյան.Հիմա ես ֆուտբոլային կուռք չունեմ, բայց եթե Դուք հարցնեիք, թե ո՞վ է եղել իմ ֆուտբոլային կուռքը պատանեկության տարիներին, ես կասեի՝ Զինեդին Զիդանը:
Հարց. Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:
Հենրիխ Մխիթարյան. Ընտանիքիս, ընկերներիս հետ շփումը: Ես շատ ժամանակ եմ խլել նրանցից ու նվիրել ֆուտբոլին: Ավելի ճիշտ՝ ինքս ինձնից եմ խլել: Ու դա մեծ զոհողություն է:
Հարց. Դուք պարգևատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:
Հենրիխ Մխիթարյան. Անչափ հպարտանում եմ այդ շքանշանով: Այն, ինչ անում եմ, իմ կյանքն է, իմ առօրյան: Երբեք չեմ մտածել շքանշան ստանալու մասին: Ես անցնում եմ իմ ճանապարհը, և հայրենիքի անունն ու հայ ժողովրդի պատիվը բարձր պահելը իմ պարտականությունն է՝ որպես հայի:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։