Պետք է համապատասխան ուշադրություն դարձնել հայկական բրենդի որակի հսկողությանը. վարչապետ
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով վարչապետը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքներն՝ ըստ մթերող ձեռնարկությունների։
Կարեն Կարապետյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին էլ հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիտորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ Կառավարության աշխատակազմ:
«Մենք ունենք որոշակի տենդենց կոնկյակի և գինու վաճառքի աճի: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք իրականում պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողությանը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում