Փաստաբաններն արձագանքում են Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հանդես է եկել համերաշխության կոչով, որի «հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից»:
Փաստաբանների պալատի անդամներն արդեն արձագանքում են Ա. Զոհրաբյանի կոչին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է. «Միշտ պատրաստ եմ եղել ողջունել ցանկացած դրական քայլ, կամա թե ակամա գործած սխալների շտկմանն ուղղված գործողություն։ Համոզված եմ, որ անտեղի որակումներով համեմված դեկլարատիվ արտահայտությունները կամ արհեստական պայմանավորվածությունները որևէ դրական արդյունք չեն կարող ունենալ, հատկապես այս` փաստաբանության համար իրոք ճգնաժամային պահին։ Խոսքերն ուժ ունեն, երբ վավերացված են գործողություններով, ուստի կարիք չունենալով ամպագոռգոռ բառեր ասելու, կրկնեմ, որ այսուհետ ևս իրավիճակը շտկելուն, գործած սխալներն ուղղելուն միտված ցանկացած քայլ ողջունելի է լինելու, միաժամանակ ցանկացած կործանարար գործողություն` դատապարտելի։ Ցանկացած ոլորտում առողջ տարակարծությունը առաջընթաց է, իսկ արհեստական միակարծությունը` մահ»։
Փաստաբան Արայիկ Պապիկյանն ի պատասխան ՓՊ նախագահի համերաշխության կոչի, գրել է. «Թեև Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանն իր կոչի մեջ օգտագործել էր «ընդդիմախոս» և «վիրավորված» բառերը, այդուհանդերձ պետք է նշեմ, որ ես ընդդիմախոս չեմ, ոչ էլ, առավել ևս, վիրավորված. քա՛վ լիցի: Հանձինս պալատի նախագահի ու խորհրդի՝ ես դժգոհել եմ նրանց որոշակի գործունեությունից և այդ մասին հայտնել եմ հրապարակավ: Կարծում եմ՝ իմ (նաև իմ բազմաթիվ գործընկերների) հնչեցրած քննադատությունները եղել են տեղին ու կառուցողական, որոնք անհրաժեշտ են Փաստաբանների պալատի պարոն նախագահին: Դրանց (քննադատությունների) բացակայությունը կվկայի մեկ փաստ՝ առանց այլընտրանքի ու միահեծան մարմնի առկայություն, ինչը կհանգեցնի փաստաբանական համայնքի կործանման:
Ես հարաբերություններ պարզելու խնդիր կամ ցանկություն չունեմ, սակայն պարոն Ա. Զոհրաբյանին առաջարկ ունեմ. հարգելի՛ պարոն Զոհրաբյան, առաջարկում եմ հետ կանչել Ձեր ստորագրությունը օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի համատեղ հայտարարությունից»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունի:
«Երևի երկուշաբթի՝ ևս գրավոր»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու
- Եթե լինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է. Արա Զոհրաբյան
- «Քոմեդի քլաբի» տեքստ է». Փաստաբան
- Սահմանվել է իրերի ցանկը, որոնք արգելվում է մտցնել դատարան
- Արա Զոհրաբյան. Մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ
- Արա Զոհրաբյան. Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է»
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը