ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Euronews-ի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Կատալոնիայի անկախանալու դեպքում ԵՄ-ին անդամակցելու համար այն պետք է անցնի նույն ճանապարհով, ինչպես նախկինում արել են մյուս երկրները՝ Իսպանիային տալով նաև վետոյի իրավունք։
«Մենք մշտապես ասել ենք, որ մենք կհարգենք Իսպանիայի Սահմանադրական դատարանի ու Իսպանիայի խորհրդարանի որոշումները»,-ասել է Յունկերը։
Յունկերը նշել է, որ եթե լինի Կատալոնիայի անկախության այո քվեարկություն, ապա ինքը կհարգի այդ ընտրությունը։
«Սակայն Կատալոնիան չի դառնա ԵՄ անդամ երկիր քվեարկությունից անմիջապես հետո։ Այն պետք է անցնի անդամակցության նույն կանոնակարգերով, ինչպես մյուսները»,-ասել է Յունկերը։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը նախորդ շաբաթ քվեարկեց ու որոշեց անկախության հանրաքվե անցկացնել հոկտեմբերի 1-ին՝ բախվելով Իսպանիայի կառավարության հետ։
Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել էր հանրաքվեն, նշելով, որ այն հակասում է սահմանադրությանը։