«Ելք»-ի նախաձեռնությունը շոուի նման մի բան է. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավում է երեկ Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի համար, ու թեև անձամբ Լոռու մարզից է, չի ճանաչում դեպքի մասնակիցներին: Այս մասին նա ասաց այսօր կայացած ԱԺ ճեպազրույցի ժամանակ:
«Որևէ երկիր ապահովագրված չէ նման դեպքերից: Իրավապահները պետք է բացահայտեն նման հանցագործությունները: Իսկ ինչ վերաբերում է Լոռու մարզպետին, ապա և մարզպետը, և պատգամավորները պետք է հետևողական լինեն և դատապարտեն նման երևույթները՝ որևէ զիջում չանելով»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջադեպի մասնակիցներին որակել է ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություն մատուցած ուժեր, Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ երբ ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ տեղի չունեցան, այժմ ցանկացած՝ այդ թվում անձնական բնույթի հանցագործություն փորձ է արվում կապել ընտրությունների հետ:
«ԶԼՄ-ների ինֆորմացիայով սա բավական հին պատմություն է: Սա չի կարող կապ ունենալ ընտրությունների հետ»,- շեշտեց հանրապետական գործիչը:
Անդրադառնալով Երևանի ավագանիում օրերս գրանցված տհաճ միջադեպին, երբ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Անահիտ Բախշյանի հասցեին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց ՝ «այս պատմությունը շատ նման է հավի և ձվի պատմությանը»՝ միաժամանակ շեշտելով, որ ցանկացած պարագայում դատապարտելի է ավագանիում նման վարք դրսևորելը:
«Ես կատեգորիկ դեմ եմ անձնական վիրավորանքներին և ժարգոնով խոսակցություններին: Պետք է բացառենք այդ երևույթները»,- ասաց խորհրդարանականը:
Ճեպազրույցի ավարտին Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ կազմից դուրս գալու՝ «Ելք»-ի նախաձեռնությանը. «Իրենք իսկ համոզված են, որ իրենց ներկայացրած նախագիծը մերժված է: Այդ փաստաթղթում չկա մի հիմնավորում, որը հիմքեր կունենա: Սա շոուի նման մի բան է, որպեսզի հերթապահ ձևով հայտնեն իրենց նվիրվածությունը Արևմուտքին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ի նախաձեռնությունը բխում է ժողովրդի, ոչ թե իշխանության շահերից. Գագիկ Մելիքյան
- Եթե ԵԱՏՄ-ին այլընտրանք կա, «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն. Միքայել Մեքումյան
- Հայաստանն օր առաջ պետք է լքի ԵԱՏՄ-ն. Մանե Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին