Տավուշի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ընդգծելով, մասնավորապես, որ Գետահովիտ համայքնում 600 մլն դրամի, Իջևանում՝ 100 մլն դրամի, Ենոքավանում՝ 160 մլն դրամի և 1 մլն դոլարի, Այրումի տարածաշրջանում՝ 500 մլն դրամի ներդրումային ծրագրերը գրեթե ավարտական փուլում են: Բերդի տարածաշրջանում 5մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնադրված տեքստիլ արտադրությունը ներկայումս ապահովում է 450 աշխատատեղ, իսկ 2018 թվականին այդ թիվը նախատեսվում է հասցնել 1500-ի: Մարզպետը նշել է, որ այս ցանկն ամբողջական չէ և ընդգրկում է բազմաթիվ այլ ներդրումային ծրագրեր ևս: Ընդհանուր առմամբ նախատեսվող ծրագրերի արդյունքում ակնկալվում է շուրջ 4000 աշխատատեղի ստեղծում:
Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաև կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր:
Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակում մարզպետը ներկայացնել է 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8.508 մլրդ. դրամ արժողությամբ, որոնք էապես կավելացնեն ոռոգելի տարածքների ծավալը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում, նշելով, որ հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամին ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:
Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ նաև Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող միջոցառումներն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների մասով: Միաժամանակ վարչապետը մարզպետին հանձնարարել է մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին հնարավորինս լայնորեն տեղեկացնել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան