Իրաքի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչի անկախության հանրաքվեի արդյունքները. Մարկարով
Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին թույլ չի տա, որ անկախության հանրաքվեն չկայանա։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
«Բարզանին հանրաքվեի անցկացման հարցում խիստ պատրաստակամ է։ Սա այն դեպքում, երբ որոշ ուժեր կարծում են, որ անկախության հանրաքվեն լուրջ խնդիրներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության, մի շարք շրջաններում ինքնորոշման հարցի կապակցությամբ։
ԱՄՆ-ն փորձում էր առաջարկել, որպեսզի հանրաքվեն հետաձգվի, ինչպես ժամանակին Իսրայելին էր առաջարկում հետաձգել անկախության հռչակումը։ Սակայն, ինչպես երևում է, Մեսութ Բարզանին վճռականորեն է տրամադրված»,- ասաց մեր զրուցակիցը։
Ալեքսանդր Մարկարովի խոսքով, հատկանշական է, որ անկախության հանրաքվեին մասնակցելու հարցում բավական վճռականորեն է տրամադրված նաև ազգաբնակչության մի ստվար զանգված։
«Նույնիսկ եթե անկախության հանրաքվեն անցկացվի, Իրաքի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչի դրա արդյունքները։ Պարզ է, որ Բաղդադի կառավարություննն առավելագույնը կարող է լայն ինքնավարություն շնորհել անկախություն պահանջող քրդերին։ Պարզ է նաև, որ հանրաքվեի հաջորդ օրը քրդական ինքնավար շրջանն անկախ չի դառնա, խոսքն ավելի շուտ խորհրդանշական անկախության մասին է»,- ամփոփեց Ալեքսանդր Մարկարովը։
Հիշեցնենք, որ Բարզանին վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացվի: Հանրաքվեն չի հետաձգվի, և ես համաձայն եմ Բաղդադի հետ երկխոսություն սկսել»:
Հարակից հրապարակումներ`
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն