«Ելք»-ի կարծիքը ոչ լսող, ոչ էլ հարցնող կա. ՀՀԿ խոսնակ
ՀՀԿ-ն դեմ է «Ելք»-ի առաջարկին՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ԵԱՏՄ-ի՝ Հայաստանին տված օգուտներն ու վնասները: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ասել է՝ իրենց օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չկա, ՀՀ իշխանությունները մտադիր չեն փոխել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է` հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:
«Նախորդ նիստին էլ ասել եմ, որ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը ցույց տվեց` հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգանալու միտում բոլոր ոլորտներում: Բնականաբար, ՀՀԿ-ն չի քննարկում այդ առաջարկը, և զարմանալի է, թե ինչու են դա առաջարկել՝ իմանալով, որ մենք կողմ չենք դրան: Մեզ համար 1+1-ը հավասար է 2-ի, և կարիք չկա հանձնաժողով ստեղծել, որպեսզի դա հասկանանք: ՀՀԿ-ն չի ընդունում «Ելք»-ի այդ առաջարկը, մենք դեմ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե իրենք դեմ կլինեն, որ նախագահ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականից հետո: «Նախ «Ելք»-ը չի որոշում, թե ով պետք է առաջադրվի ու ինչպես առաջադրվի վարչապետի պաշտոնում: Իրենք կարող են որոշեն՝ ով պետք է լինի իրենց խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը։ Վարչապետի հարցը թույլ տվեք որոշեն քաղաքական մեծամասնությունը, քաղաքական կոալիցիան: Իրենց կարծիքը ոչ լսող, ոչ էլ հարցնող կա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա միաժամանակ նշեց, որ ժողովուրդը ում ձայն է տվել ընտրություններին` նա էլ 2018, 2019, 2020 ու մինչև 2022 թվականները կկազմի կառավարություն. «Կգա 2018 թվականը, կուսակցությունը կքննարկի ու լավագույն լուծումը կներկայացնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան