ԵԽ գլխավոր քարտուղարն աննախադեպ քայլի է դիմում՝ Ադրբեջանին անդամակցությունից զրկելու համար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել աննախադեպ իրավական գործողություններ սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն քաղաքական բանտարկյալին ազատ արձակելուց հրաժարվելու համար, գրում է The Guardian-ը։
Յագլանդի միջամտությունը կապված է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամմադովի հետ, ով դատապարտվել է 2013թ․-ի ցույցերին մասնակցելու պատճառով։ 2014թ․-ի մայիսի 22-ի որոշման մեջ ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը քաղաքական է և Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալել են կառավարությանը քննադատելու համար ու նշել էր, որ Մամմադովը պետք է անհապաղ ազատ արձակվի։ 2014թ․-ին 7 տարվա ազատազրկման դատապարտված Մամմադովը, սակայն, մինչև այժմ գտնվում է անազատության մեջ՝ չնայած Թորբյորն Յագլանդի բազում կոչերին։
Սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում ԵԽ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ նիստի ժամանակ գլխավոր քարտուղարը կոչ է արել սկսել իրավական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար։ Սա աննախադեպ քայլ է Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության մեջ։
«Մենք չենք կարող Եվրոպայում ունենալ քաղաքական բանտարկյալներ և չենք կարող ունենալ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է Մամմադովին զրկել իր ազատությունից՝ չնայած ՄԻԵԴ որոշմանը։ Ադրբեջանի համար եկել է ժամանակը լավ ու խիստ մտածելու ԵԽ անդամակցության իր պարտականությունների վերաբերյալ, և հասկանալ արդյոք նա ցանկանում է դրանք իրականացնել, թե ոչ»,- Guardian-ին տված հայտարարության մեջ ասել է Յագլանդը։
Գլխավոր քարտուղարը ցանկանում է կիրառել ԵԽ կոնվենցիայի 46,4 հոդվածը, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների այս կառույցից Ադրբեջանը հեռացմանը։ Այս «միջուկային» տարբերակը նախկինում երբեք չի կիրառվել ու կպահանջի ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարների գործողությունը։
Հիշեցնենք, որ վերջերս «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները, որով պարզվել էր, որ Ադրբեջանը բրիտանական ընկերությունների միջոցով 2,9մլրդ դոլար է «լվացել», կաշառել եվրոպացի քաղաքական գործիչներին, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին, լայն արձագանք գտավ ու քննադատությունների ալիք բարձրացրեց ողջ Եվրոպայում։
Ադրբեջանական կոռուպցիայի վերաբերյալ ներկայում հետաքննություն է իրականացնում ԵԽԽՎ-ում ստեղծված հատուկ մարմինը, որն իր բացահայտումները ներկայացնելու է ԵԽԽՎ-ին։ Ընդամենը 2 օր առաջ նաև Եվրոպական խորհրդարանը որոշում կայացրեց «համապարփակ» հետաքննել Ադրբեջանի ու մյուս ավտորիտար վարչակարգերի կողմից անօրինական միջոցներով Եվրոպայում որոշում կայացնողների վրա ազդելու փորձերը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին այլևս բրենդավորել պետք չէ, այն արդեն բրենդ է. կոռուպցիայի և կեղտոտ լոբբինգի խորհրդանիշ
- «Transparency International»-ը ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին