«Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա է գտնվում Բաղանիս գյուղը. հեռավորությունը Երևանից 175 կմ է, Իջևանից՝ 41, Հայաստան-Ադրբեջան շփման գծից՝ 1 կմ:
Բաղանիսով անցնող հիմնական ճանապարհը և բուն գյուղը գտնվում են հակառակորդի կրակահերթերի թիրախային գոտում: Սահմանամերձ գյուղի բնակիչների համար կրակոցներն առօրյայի մաս են կազմում, այստեղ չկա մի տուն, որի վրա հակառակորդի կրակոցի հետքեր չլինեն: Գյուղացիները, չնայած ամեն օր վախով են լուսացնում, բայց հույսները չեն կորցնում, հավատում են, որ մի օր խաղաղություն կլինի:
76-ամյա Էրժիկ Սարգսյանի տունը Բաղանիսի ճանապարհին է, հակառակորդի նշանառության տակ: Արդեն երկար տարիներ տատը միայնակ է ապրում: Միակ հարազատը քույրն է, որը Երևանից հաճախ է գալիս գյուղ քրոջ կողքին լինելու համար:
Տատի տունը մեզ ցույց է տալիս նրա համագյուղացին՝ Լարիսան, որը մինչ տեղ հասնելը պատմում է սահմանամերձ գյուղի խնդիրների, դժվարությունների, կրակոցների մասին: «Հեշտ չի ապրելը, բայց ինչ անենք, սա էլ մեր կյանքն է, արդեն սովոր ենք»,- ասում է տիկին Լարիսան:
Հասնում ենք Էրժիկ տատի տուն, դարպասի ձայնը լսելուց հետո այգում գործ անող կինը բարձրացնում է գլուխն ու առանց ավելորդ հարցեր տալու ներս հրավիրում:
Փոքրամարմին ու տխուր աչքերով տատը շատ չի խոսում, արագ քայլերով գնում է խոհանոց, որ սուրճ դնի: «Տատ, ոչ մի բան պետք չի»,- ասում ենք նրան, բայց չի լսում, սուրճը կրակին է դնում ու շտապում այգի՝ միրգ բերելու:
Յուրաքանչյուր օր վախով անցկացնող Էրժիկ Սարգսյանն արդեն չի հիշում, թե երբ է վերջին անգամ գլուխը հանգիստ դրել բարձին ու քնել:
Տանը անգամ 1990-ականների կրակոցների հետքերը կան, որոնք պարբերաբար թարմացվում են: «Իմ տունը կրակի տակ է, ոչ այգում եմ կարողանում գործ անել, ոչ էլ տանը: Մի ամիս առաջ քրոջս հետ պահածո էի փակում, նենց խփեցին պատին, որ վախից ամեն ինչ կիսատ թողեցինք ու տուն մտանք»,- ասում է տատը:
Քույրն էլ ավելացնում է, որ Էրժիկը մութն ընկնելուց հետո լույս չի վառում: «Ես ընդհանրապես լույս չեմ վառում, որ չկրակեն: Իսկ կրակոցների ժամանակ էլ հատակին նստած մի անկյունում կուչ եմ գալիս: Դե ինչ անեմ, իմ տունն էս ա, արդեն 25 տարի էս պայմաններում ապրում ենք»,- նշում է տատն ու հավելում, որ չնայած այս ամենին, գյուղացիներն արդեն սովորական դարձած կրակոցների տակ շարունակում են զբաղվել առօրյա բանուգործով:
«Գյուղից գնացողներ կան, բայց մնացողներն էլ քիչ չեն: Գյուղն ապրում է, շնչում, մարդիկ իրենց էրեխեքին մանկապարտեզ, դպրոց են ուղարկում: Էսքան տարի որ ապրել ենք՝ էլի կապրենք: Ինչ ասեմ՝ մենակ խաղաղություն լինի, մնացած ամեն ինչին էլ կդիմանանք»,- ասում է տխուր աչքերով Էրժիկ տատը:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին