Օտարը շատ է ներխուժել մեր մեջ. Էդուարդ Սեդրակյան
Երևանում անցկացվելու է «Ազգային տարազ» համահայկական մրցույթ – փառատոն: Նախապես հայտարարված էր, որ սեպտեմբերի 15-ին կայանալու է փառատոնի գալա համերգը, սակայն ժամկետներում փոփոխություն է եղել: Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչ, մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյանն ասաց, որ արձագանքը բուռն էր, մասնակիցներն ավելանում են, տեխնիկապես հնարավոր չեղավ տեղավորվել նախապես հայտարարված ժամկետներում:
Նշենք, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը: Նման մրցույթ անցկացնելու գաղափարի հեղինակը հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանն է:
Լ. Մամյանը տեղեկացրեց, որ արդեն ստացել են 183 հայտ Հայաստանից և տարբեր երկրներից, դիտել են նրանց նկարները, ընտրել են ճիշտ տարազներով մասնակիցներին, երկրորդ հիմնական փուլը կլինի ցուցադրություններ բեմահարթակին, հոկտեմբերի կեսերին կկայանա երրորդ փուլը՝ գալա համերգ:
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր Էդուարդ Սեդրակյանը խոսելով նման փառատոն անցկացնելու անհրաժեշտության մասին, նշեց, որ ազգային ակունքներին վերադառնալը ժամանակ չի պահանջում, անընդհատ պետք է լինել դրա մեջ:
«Բոլորս գիտենք, որ մի քիչ հեռացել ենք մեր ազգային ակունքներից, ամեն բնագավառում՝ լինի երգարվեստ, պարարվեստ: Օտարը շատ է ներխուժել մեր մեջ: Կարծում եմ, որ այս փառատանի գլխավոր մեխը դա է՝ մարդկանց կրկին բերել իրենց ակունքներին: Այս փառատոնը մարդկանց ասելու է՝ սիրեք ձեր երկիրը, մշակույթը, որը ձեզ կտանի առաջ և ճանաչելիության կհասցնի»,- ասաց նա: