Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է
Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է: Հավաքականների ձևավորումից հետո հերթը ներքին առաջնությանն է: Երկարամյա դադարից հետո, հոկտեմբերին մեկնարկելու է բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությունը: Այն կոչվելու է Ա-լիգա և ընթանալու է շրջանաձև համակարգով:
Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու է յոթ թիմ՝ Երևանից, մարզերից ու Արցախից:
«Հասունացել էր կանոնավոր առաջնություն ունենալու պահը: Մեր հիմնական նպատակը բասկետբոլի մասսայականացումն է: Այսօր շատ են բասկետբոլով զբաղվողները: Կարելի է ասել, որ մեր դուռը թակում են կանոնավոր առաջնությունների կազմակերպման խնդրանքով:
Այս պահին քննարկում ենք որոշ հարցեր, կապված ակումբների՝ քաղաքները ներկայացնելու հետ: Հավանական է, որ Երևանի ակումբներից մեկը ներկայացնի Վանաձորը: Սա նշանակում է, որ թիմը մասամբ տեղափոխվելու է Վանաձոր, քանի որ լիգայի համար կարևոր է նաև աշխարհագրությունը:
Լիգան արել է ամեն ինչ՝ թիմերին խաղալու հնարավորություն տալու համար: Առաջնությունը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Լիգան ունի հովանավոր, որը թույլ կտա կազմակերպել հանդիպումները: Աջակիցների թվում է նաև բասկետբոլի ֆեդերացիան»,- ասել է Պողոսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աստիճանաբար պետք է գալ այն վիճակին, որ տեղական ակումբները հավաքականներին կադրեր տան:
«Շատ կարևոր է, որ ակումբները կայանան ու զարգանան, ունենան մարտունակ կազմ: Նրանք կարող են նաև թիմում ընդգրկել սփյուռքի մեր հայրենակցիներին: Վերջին տարիներին ազգային հավաքականի մի շարք խաղացողներ դժվարություններ ունեն ակումբային կարիերայում: ԱՄՆ-ում և Ռուսաստանում քիչ չեն հայ ուսանող բասկետբոլիստները, ովքեր համալսարանն ավարտելուց հետո չեն կարողանում ակումբ գտնել և ժամանակի ընթացքում թողնում են սպորտը»,-նշել է նա:
Արա Պողոսյանն ավելացրել է, որ թիմերը խաղալու են տուն-դուրս տարբերակով, իսկ մարզադահլիճների հարցը հիմնականում լուծված է: Հաջորդ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ակումբների վերջնական անվանումները և խաղացանկը:
«Բավականին հետաքրքիր առաջնություն է սպասվում: Հիմնական շրջաններից հետո թիմերը խաղալու են նաև փլեյ-օֆֆ: Առաջնության հաղթողը կունենա Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ 2-5-րդ տեղերը գրաված թիմերը՝ Եվրոպայի գավաթի: Սակայն, ակումբները պետք է որոշեն՝ ցանկանում են հանդես գալ եվրագավաթներում, թե՝ ոչ, քանի որ իրենք են հոգալու ֆինանսական ծախսերը:
Խաղերը հիմնականում կկայանան հանգստյան օրերին: Տուրում երեք հանդիպում կանցկացվի: V-sport-ի հետ բանակցում ենք հեռարձակումներ իրականացնելու համար: Հնարավոր է նաև հեռուստատեսությամբ հեռարձակում՝ շաբաթական մեկ խաղ տարբերակով»,- ասել է Պողոսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է, որ առաջնության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են կատարվելու, որ մարզիչներն ու մրցավարները վերապատրաստվեն: Մասնավորապես, հոկտեմբերին և նոյեմբերին ֆեդերացիան ՖԻԲԱ-ի հետ համատեղ նախատեսում է անցկացնել մրցավարական և սեղանի աշխատակիցների սեմինար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան