Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:
«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան»,- ասում է կոնգրեսական Սփիր Կանչելյանը և խոստովանում՝ Հայաստան այցի օրակարգն այնքան խիտ է, որ չի պատկերացնում, ինչպես են մի քանի օրերի ընթացքում հասցնելու այն իրականացնել:
Այցի նպատակները բազմաթիվ են.
«Ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը»:
Կոնգրեսականի համար այս այցն ունի զգացական նշանակություն. «Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարևոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն»:
Այցի քաղաքական կողմը նույնպես անտեսված չէ.
«Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»:
ԱՄՆ-ի օրենսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցը, քանի որ այժմ էներգակիրների մատակարարման առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, որն էլ, կոնգրեսականի խոսքով, ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը.
«Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան»: