Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերը շոշափելի արդյունքներ են տալիս. Հայկ Միրզոյան
Հայաստանի զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ։ Իր գործունեությունը հիմնադրամն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացումը:
Աշխատանքների և իրականացվող ծրագրերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանի հետ:
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործառույթներում կարևոր նշանակություն ունի համաժողովների անցկացումը, որքանո՞վ են դրանք արդյունավետ, արդյոք արդյունքները տեսանելի՞ են:
- Գործարար և ներդրումային համաժողովների անցկացումը մեր կարևորագույն ուղղություններից է, որը, որպես կանոն, ներառում է նաև B2B հանդիպումները։ Օրինակ, այս տարվա ընթացքում արդեն երեք գործարար համաժողով ենք անց կացրել՝ Աբու Դաբիում, Հռոմում՝ հայ-իտալական և Երևանում՝ հայ-տաջիկական։ Այդ երեք համաժողովների արդյունքում 9 հուշագիր և չորս պայմանագիր ունենք կնքած, որոնցից մեկը՝ բացառիկ։ Եթե գումարային նշենք, արդեն դեպի Հայաստանի տնտեսություն 112 միլիոն դոլար ներդրումների ներգրավման բանակցություններ են ընթանում։ Բացի դրանից, այդ համաժողովների ընթացքում, մասնավորապես Աբու Դաբիից մենք ունենք նաև հայկական պահածոների, մուրաբաների արտահանման պայմանագիր, որի առաջին խմբաքանակն արդեն մայիսին արտահանվել է Թամարա ընկերության կողմից։ Իսկ երկուստեք հանդիպումների համար, երբ որ օտարերկրյա գործարարներ են լինելու Հայաստանում, համապատասխան ընկերություններին հրավիրում ենք գործարար կապեր հաստատելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ներդրումների, հայկական արտադրանքի արտահանման համար բանակցությունների։
- Հիմնադրամի գործունեությունն ուղղված է նաև արտահանմանը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ, ինչպե՞ս եք պատրաստվում նպաստել արտահանման աշխուժացմանը:
- Հիմնադրամը բավականին ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Մասնավորապես, այս տարվա ընթացքում հիմնադրամը կազմակերպել է հայկական ընկերությունների մասնակցությունը 9 միջազգային ցուցահանդեսների։ Արդյունքում՝ 3.4 միլիարդ դրամի կամ մոտ 7.2 միլիոն դոլարի արտահանման պայմանագրեր են կնքվել։ Իսկ վերջին երեք ցուցահանդեսների արդյունքները դեռևս ամփոփված չեն։ Ակնկալում ենք մինչև տարվա վերջ պայմանագրերի ծավալը 7 միլիարդի հասցնել։ Հիմնադրամը նաև ընդլայնում է պաշտոնական ներկայացուցիչների ցանցը։ Մեր ներկայացուցիչների նպատակն է լինելու Հայաստան ներդրումներ ներգրավումը և հայկական ապրանքների առաջ մղումը օտարերկրյա շուկաներում։ Մեր իտալական ներկայացուցչի աշխատանքի արդյունքում ունենք 10 միլիոնի ներդրումների ծրագիր։ Մինչև տարեվերջ կունենանք 50 առևտրային ներկայացուցիչներ տարբեր երկրներում։
-Ո՞ր ճյուղերն արտահանման ներուժ ունեն և ո՞ր երկրներն են պոտենցիալ շուկա Հայաստանի համար:
- Արտահանման ներուժ ունեն գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, խմիչքների, թեթև արդյունաբերության ոլորտները։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին, հատկապես այս տարի բավականին ներդրումներ են կատարվել այդ ոլորտներում, նաև արտադրության ծավալներն են ավելացել։ Ցուցահանդեսները բավականին արդյունավետ են։ Հիմնական շուկան, ԵԱՏՄ, Եվրոպական երկրներն են, Միացյալ նահանգները։
- Հիմնադրամի գործառույթներից մեկն էլ ներդրումների ներգրավումն է: Ի՞նչ քայլեր է իրականացնում Հիմնադրամը, դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանն աջակցելու ուղղությամբ:
- Գործարար համաժողովների ընթացքում են տեղի ունենում ներդրումների ներգրավման բավականին ակտիվ աշխատանքներ։ Բացի այդ, այս տարի գործարկվել է www.investmentprojects.am կայքը, որտեղ արդեն ներառված է 1․2 միլիարդ դոլարի 30 ներդրումային ծրագիր։ Ծրագրերի համակարգման թիմը պարբերաբար վերանայում-թարմացնում է նախագծերը, լրացնում նորերով։ Դրանք գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության, արդյունաբերության ոլորտներին են վերաբերում։ Հիմնադրամի թիմն այդ ծրագրերը «փաթեթավորում» է մեկ ընդհանուր՝ ներդրողների համար ընկալելի ձևաչափով։
- Որքանո՞վ է ՀՀ օրենսդրությունը բարենպաստ ներդրումներ ներգրավելու առումով:
- Հենց այս պահին հիմնադրամի ներդրումային սպասարկման թիմն աշխատում է մի շարք ընկերությունների հետ, որոնք օտարերկրյա ներդրումներով ընկերություններ են Հայաստանում։ Նրանցից շատերն ընդլայնում են գործունեությունը։ Դա տեղի է ունենում թե դեղագործության, թե ճշգրիտ ճարտարապետության, թե սննդամթերքի արտադրության ոլորտներում։ Սա նշանակում է, որ տվյալ ընկերությունները գործունեության դաշտը բարենպաստ համարելով, ցանկանում են Հայաստանում ընդլայնել ներդրումային ծրագրերը։ Ես կարծում եմ՝ դա երկրի ներդրումային միջավայրի ամենակարևոր ցուցանիշն է։ Իհարկե, կան խնդիրներ, բայց կառավարությունը աշխատանքներ է տանում նաև այդ ուղղությամբ, որպեսզի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դառնա ներդրողների համար։ Սա ամենօրյա աշխատանք է։ Կառավարության կողմից արդեն քննարկման է դրվել ներդրումների մասին օրենքը, որը բավականին բարենպաստ պայմաններ կստեղծի ներդրողների համար։ Նաև ականատես ենք լինում, թե որքան հաճախ է կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրում նոր ներդրումներ կատարողներին։ Մասնավորապես սարքավորումների, հումքի ներմուծման ժամանակ ազատում է մաքսատուրքից, կամ հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը։ Այսինքն, կառավարությունը ամեն ինչ անում է ներդրումների բավականին բարենպաստ դաշտ ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում նաև յուրաքանչյուր ընկերության անհատական մոտեցում է ցուցաբերում։
- Կատարվե՞լ են արդյոք ուսումնասիրություններ ոլորտում առկա խնդիրները բացահայտելու համար, որոնք են դրանք:
- Գործում է մեկ պատուհանի սկզբունքը, կա նաև հետներդրումային սպասարկման թիմ, որի ամենօրյա աշխատանքն է ներդրողների հետ աշխատանքը, բացահայտելու նրանց խնդիրները, փորձելու լուծումներ տալ այդ խնդիրներին։ Այսինքն, մենք արդեն մեր բազայում առկա 200-ից ավելի ընկերությունների հետ ուղղակի կապի մեջ ենք։ Այցելում ենք, բացահայտում ենք խնդիրները, լուծումներ ենք գտնում, առաջարկություններով դիմում ենք նաև կառավարությանը, որպեսզի աջակցեն այդ խնդիրների լուծմանը։ Խնդիրները լինում են տարբեր՝ օրենսդրական, գնումների, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված և այլն։
- Առկա խնդիրները կարգավորելու նպատակով մոտ ապագայում ի՞նչ առաջարկություններ կամ նախաձեռնություններ են նախատեսվում:
Օրինակ հիմա, հիմնադրամը ընկերություններից մեկի համար փորձում է արտադրական տարածք գտնել։ Կառավարության տարբեր օղակների հետ աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ։ Եվ մոտ ժամանակներս մենք այդ լուծումը կունենանք։