Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը նվազել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 92.1%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 696 պլանշետ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիսին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 44.7.%-ով. եթե 2016թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 582 հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-հուլիսին՝ 322:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26.7%-ով: 2016 թ-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 450 հատ բջջային հեռախոս:
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:
Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը: