Գյուղի բերք ու բարիքը՝ Անգլիական այգում
Անգլիական այգում բացվել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը:
«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով` գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը մայրաքաղաքում ամենասպասված և սիրված իրադարձություններից մեկն է դարձել, որը տոն է ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ մասնակից ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:
«Այս փառատոնով մենք ցանկանում ենք ընդգծել, որ միասին կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը»,- հավելել է Նունե Սարուխանյանը:
«Նման փառատոններն ապացուցում են, որ գյուղն է քաղաքին կերակրողը: Այն կազմակերպվում է քաղաքաբնակների համար` ներկայացնելու գյուղատնտեսության հաջողությունները, այդ թվում` ինչպես միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, այնպես էլ ֆերմերների, կանանց միավորումների ձեռքբերումները: Այս փառատոնը նաև լավ հնարավորություն է ձեռք բերելու այն արտադրանքը, որը դեռևս առևտրի կենտրոններում չի հայտնվել»,- բացման խոսքում նշել է Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը մասնակիցներին հավաստիացրել է՝ գյուղատնտեսությունը Հայաստանում դեռևս ունենալու է ավելի մեծ ձեռքբերումներ:
«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն» անցկացվում է մայրաքաղաքի Անգլիական այգում Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Մայրաքաղաքի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն ունեն ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի: Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի ֆերմերները փառատոնին ներկայացրել էին սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, ստեվիա (մեղրախոտ), խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի: Ցուցադրված էին նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:
Փառատոնն ուղեկցվում էր ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: