Հայ երաժշտությունը, նվագարաններն ու երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ արձանները՝ «Նաիրի» երաժշտական այգում
Հանքավանի «Նաիրի» երաժշտական այգում այսօր հանդիսավորությամբ բացվել են հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձանները:
«Կարծում եմ այսօր իրոք խորհրդանշական օր է: Իրականություն դարձավ բոլորիս երազանքը՝ ունենալ ազգային երաժշտական ժառանգության, հայ երաժշտությունը, երաժշտարվեստը խորհրդանշող հարթաքանդակների թանգարան: Մշակութային մերօրյա խառնարանում պետք է ավելի զգոն լինենք ազգային ու միջազգային բոլոր հարթակներում տեր կանգնենք մեր ունեցվածքին, հանրահռչակենք այն և մոռացությունից փրկենք մեր ինքնության պահպանման կարևորագույն գրավականներից մեկը հանդիսացող երաժշտական, մշակութային ժառանգությունը»,- սփյուռքի նախարարության փոխանցմամբ՝ բացման արարողությանը նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշել է, որ այգին բացառիկ երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար:
Փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը հավելել է. «Արվեստը հրաշագործ ուժ ունի, ամենամեծ զենքն է: Հայրենասիրություն է ցուցադրված ոչ թե խոսքով, այլ գործով: Այս փառատոնը պետք է դառնա համահայկական, և միավորի աշխարհասփյուռ հայերին: Այսօր պատմական իրադարձության շեմին ենք կանգնած»:
Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխություն – շքահանդեսը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել. Անժելա Աթաբեկյան
- «Սերս գաղտնի թող մնա» երգը սկզբում չընդունեցին. Վլադիլեն Բալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին