«Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը հնչել են Խաչատրյանի գործերից
Հայ երաժիշտները օրերս մասնակցել են դասական երաժշտության ամենանշանակալի իրադարձությանը՝ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրված էր ելույթ ունենալու «Գրամոֆոնի» 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի տարբեր անվանակարգերում առանձնացնում է դասական երաժշտության ոլորտում աշխարհի լավագույն երաժիշտներին։
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Սմբատյանը մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում տված հարցազրույցում ընդգծել է, որ իր և նվագախմբի համար մեծ պատիվ է գտնվել Լոնդոնում և ելույթ ունենալ այս հեղինակավոր միջոցառմանը։
Նա, ներկայացնելով Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, նկատել է, որ այն ստեղծվել է այս տարի. անդրանիկ բեմելը կայացել է ապրիլի 24-ին Երևանում՝ հանդես գալով իր գործընկեր դիրիժորների հետ։
«Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության մեծ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Ամբողջ մրցանակաբաշխությունն ուղեկցվել է դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով։ «Գրամոֆոնում» նույնպես Սերգեյ Սմբատյանը հնչեցրել է հայկական երաժշտություն։ Դասական երաժշտության ճանաչված ներկայացուցիչներն ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի բալետներից։
«Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել է. «Երիտասարդ նվագախումբ է, երաժիշտները նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է»։