Երևանցի երիտասարդ ուսուցչուհին օգնում է վազաշենցի երեխաներին իրականացնել երազանքները
Սաթենիկ Պետրոսյանն արդեն մեկ տարի ապրում ու աշխատում է սահմանամերձ Վազաշենում: Մաթեմատիկայի ուսուցչուհին «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) կրթական ծրագրի երիտասարդ մասնակիցներից մեկն է, որ Երևանից երկու տարով տեղափոխվել է գյուղական համայնք ու աշխատում է որպես ուսուցիչ։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սաթենիկ Պետրոսյանն ասում է, որ երկամյա առաջնորդության զարգացման ծրագրին մասնակցելուց հետո իրեն ուղարկել են սահմանամերձ գյուղ:
Խոստովանում է, որ մինչ աշխատանքի անցնելը գյուղի մասին ոչինչ չի իմացել, Վազաշենն, ըստ նրա, ընդամենը տեղանուն էր, որին հանդիպում էր Բերդ գնալիս: «Երբեք գյուղի մոտ կանգ չենք առել, իսկ հետո աշխարհագրության ուսուցչուհու՝ Էսթերի հետ եկանք գյուղ ու հիմա ապրում ենք վազաշենցիների նման»»,- ասում է Սաթենիկը:
Երիտասարդ աղջիկը փորձում է բացահայտել երեխաների կարողություններն ու տաղանդը, օգնել նրանց իրականացնել երազանքները։
Առաջին անգամ հակառակորդի կրակոցը լսել է դպրոցում, բայց դժվարանում է ասել՝ վախեցա՞վ, թե՞ ոչ: «Կրակոցներին աշխատում ենք ուշադրություն չդարձնել»,- նշում է Սաթենիկը:
Ինչ վերաբերում է կենցաղին, երիտասարդ ուսուցչուհին խոստովանում է՝ կենցաղը Վազաշենում շատ է տարբերվում: «Ես Երևանից եմ, մինչ այս գյուղում չէի ապրել, հիմա փորձում ենք սովորել: Իհարկե, պայմանները դժվար են, բայց այն միտքը, որ երեխաները նույնպես այս պայմաններում են ապրում, օգնում է հաղթահարել դժվարություններ: Իրենք այստեղ են ծնվել, մեծացել, ուրիշ կյանք չեն տեսել: Մեզնից ի՞ նչ է գնում, մենակ պետք է մի փոքր հարմարվել»,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհին:
Հարցին, ո՞րն է Վազաշենի առանձնահատկությունը, Սաթենիկը դժվարանում է պատասխանել, բայց հետո ավելացնում է՝ իրեն միշտ զարմացնում է այն, որ մարդիկ կրակոցների տակ շարունակում են գյուղում ապրել: «Սահմանամերձ գյուղում ապրելը դժվար է, կոնկրետ այստեղ գյուղացիները չունենալով մշակվող հողատարածքներ, գյուղից չեն հեռանում, հակառակը, փորձում են ապրուստի միջոցներ գտնել: Կառանձնացնեի նաև այն, որ ամեն ինչ անում են՝ երեխաներին բարեկեցիկ կյանքով պահելու համար: Աղքատ գյուղ է, բայց երեխաները խնամված են»,- ասում է Սաթենիկ Պետրոսյանը:
Դեռ մեկ տարի էլ պետք է մնա գյուղում, սակայն Սաթենիկը ուսումնական տարվա ավարտից հետո չգիտի՝ կշարունակի աշխատել, թե ոչ: «Կարծում եմ, որ այստեղ մաթեմատիկայի այլ մասնագետներ նույնպես պետք է գան, աշխատեն ու իրենց փորձը փոխանցեն երեխաներին»,- ընդգծում է երիտասարդ ուսուցչուհին:
Նշենք, որ լրագրողների այցը սահմանամերձ Տավուշ կազմակերպել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին