Արաքս Մանսուրյանը կցանկանար լինել դաշնակահարուհի կամ ջութակահարուհի
Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի երազանք է՝ լինել դաշնակահարուհի կամ ջութակահարուհի, որովհետև՝ «Աստված որքան կյանք տար ինձ, կկարողանայի նվագել»:
«Տարիքի հետ իմաստանանում ես, բայց կորցնում ես այն, ինչ ունես երիտասարդական տարիքում: Ձայնը: Այն տարիքի հետ սկսում է տատանվել: Երբեմն ասում են՝ կարող ես դու նույնությամբ երգել, դու Արաքսն ես, քո ձայնը չի փոխվում: Բայց փոխվում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաքս Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր ի՞նչի մասին է երազում Արաքս Մանսուրյան:
Նա նշեց, որ չի հարգում այն երգիչներին, ովքեր, չնայած ձայնը սկսում է տատանվել, կորցնում է որակը, բայց ագահությունն իրենց թույլ չի տալիս թողնել բեմը:
«Երբեք չեմ սիրում, որ հանդիսատեսը ծափահարի իմ նախկին կյանքի համար: Վիրավորական է ինձ համար»,- հավելեց երգչուհին:
Հարցին, թե ստեղծագործական գործունեության 50 տարիների ընթացքում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնենք, Ձեզ համար ո՞ր փուլն է հարազատ, հոգեհարազատ, նա պատասխանեց. «Իհարկե, դուք կուզեք լսել, որ Հայաստանում ապրած տարիներիս ինձ ավելի հարազատ են: Իհարկե: Այդ հարցին պատասխանելը երկրորդական է: Բայց առհասարակ, երբ երգիչը տեսնում է իր հաջողությունը, ոտնկայս ծափահարությունները, հաջորդ օրը թեթերը գրում են այդ մասին… Ամեն դեպքում ես Հայաստանից չեմ կտրում դա: Ես տարել եմ այն, ինչ այստեղից վերցրել եմ, տարել եմ, իրենց եմ մատուցում: Մերն եմ մատուցում: Եթե երգում եմ Տոսկա, Գեղջկական ասպետություն, սա այստեղի հողից ծնված գիտելիքն է:
Ես ինքս կատարյալի հասցնող արվեստագետ եմ, չեմ սիրում իմիջայլոց գործ, պետք է լինի կատարյալ՝ Հայաստանից դուրս կամ Հայաստանում»:
Ա. Մանսուրյանը նաև նշեց, որ արդեն մտածում է Հայաստանում բնակարան ունենալու մասին. «Այստեղ ունենամ իմ տունը, այստեղ լինեմ: Լինել Հայաստանում, իհարկե, իմ երազանքն է»:
Նա նշեց, որ իր հետ Երևանում են իր ուսանողները՝ Սիդնեյի համալսարանից:
«Նրանք նկատել են, թե ինչ ուրախ եմ ես այստեղ»,- ասաց Ա. Մանսուրյանը:
Պատասխանելով հարցին, թե որո՞նք են Ձեզ համար ամենակարևոր սկզբունքները՝ մարդկային, բարոյական, հոգևոր առումով որպես մարդ, որպես երաժիշտ, նա ասաց. «Սկզբունքս եղել է՝ ազնիվ նվիրվել արվեստին, ազնիվ լինել բոլոր հարաբերություններում: Եթե ազնիվ ես մարդկային հարաբերություններում, չես կարող կեղծ լինել արվեստում: Ազնվությունն ինձ համար առաջնային է՝ ազնվություն առ արվեստ, առ մարդկային հարաբերություն, առհասարակ ամեն ինչի հանդեպ»:
Խոսելով այսօրվա հայկական օպերային արվեստի մասին և պատասխանելով լրագրողի հարցին, թե երկու տարի առաջ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Հայաստանում օպերա չեք գնում, այսօր էլ չե՞ք գնում, Արաքս Մանսուրյանն ասաց. «Այն ժամանակ էր, որ չէի գնում: Մի քանի օր առաջ ներկա էի Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը» ներկայացմանը: Հիացած եմ մեր երգիչներով: Սոպրանոն, տենորը ինչ գեղեցիկ էին երգում: Աշխարհում պետք է փնտրել նման երգիչների:
Տենոր Լիպարիտ Ավետիսյանը վերջերս Սիդնեյում էր: Գիտեք, ես ինչ հպարտ էի: Փոխվել է վերաբերմունքս մեր օպերայի հանդեպ»:
Հարակից հրապարակումներ`
- Արաքս Մանսուրյանի օտարազգի ուսանողները կերգեն նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգին
- Սերժ Սարգսյանը շնորհավորել է երգչուհի Արաքս Մանսուրյանին
- Ճապոնիայում կայանալու է Արաքս Մանսուրյանի մենահամերգը
- Արաքս Մանսուրյան. Զարմանալի է, երբ երգում եմ Կոմիտաս, հուզվում են՝ առանց հասկանալու բառերի իմաստը
- Արաքս Մանսուրյանի և իր սաների նվերը՝ Տիգրան Մանսուրյանին