Գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով հարստացնեք Հայաստան-Սփյուռք գործակցությունը. Հրանուշ Հակոբյան
«Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, չխնայեցիք ձեր ժամանակն ու նյութական միջոցները, եկաք իրականություն դարձնելու համահայկական այս ամենամեծ հարթակի աշխատանքները»,- «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից անցել է ուղիղ 3 տարի և, նրա խոսքով՝ անցած համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, դիտողությունները համակարգվել, դաս-դասվել են, լրացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթներին համապատասխան և դարձել Հայաստան-Սփյուռք գործակցության անցած տարիների ուղենիշ:
«Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այդ հարցադրումները, գործակցելով հոգևոր, համահայկական, համայնքային կառույցների, այլ նախարարությունների հետ, մշակել և իրականացրել է բազմաբովանդակ ձեռնարկներ: Աշխատանքները հիմնականում նպատակաուղղվել են՝ ամրացնելու Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, աշխուժացնելու երիտասարդության շրջանում հայապահպանության աշխատանքները»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ միասնության առհավատչյան է նաև այս համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1800 մարդ 71 երկրից. «Ուրախալի է, որ մասնակիցների 35 %-ից ավելին կանայք են, մոտ 20 %-ը կազմում են երիտասարդները: Մեծ թիվ են կազմում գործարարները, մտավորականները, 90-ից ավելին՝ խմբագիրներ, լրագրողներ են»:
Սփյուռքի նախարարը նաև նշեց, որ համաժողովին մասնակցում են հարյուրավոր համահայկական կառույցների ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների նախագահներ, ատենապետեր: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից:
Բացի այդ, համաժողովին մասնակցում են տարբեր երկների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համաժողովի օրակարգը խիստ հագեցած է, այն ներառում է Հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման և հայապահպանության հիմնախնդիրները:
«Որքանով համաժողովը կլինի կազմակերպված, գործնական և արդյունավետ՝ կախված է այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրից: Համոզված եմ, որ ձեր գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով, նոր նախագծերով, գաղափարներով կհարստացնեք Հայաստան-Սփյուռք գործակցությունը և կնպաստեք նրա հետագա զարգացմանը»,- ասաց Սփյուռքի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Գալու է հայրենադարձության ժամանակը, վստահ եղեք. Արմեն Ամիրյան
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
- Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին