ՄԹ խորհրդարանական Մարկ Փրիթչարդը նշանակվել է Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում
Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 12-ին ՄԹ պառլամենտի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում։
Երևանում Բրիտանիայի դեսպանատատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ առևտրի հարցերով հանձնակատարները վարչապետի կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմանի առևտուրը:
Փրիթչարդն իր նշանակման առթիվ ասել է. «Ես պատիվ եմ ունեցել ստանալու Վարչապետի հրավերը՝ ստանձնելու ՄԹ Առևտրի հարցերով առաջին հանձնակատարի դերը Հայաստանում և Վրաստանում։ Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի և Հայաստանի հետ ՄԹ առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը և Նորին Մեծության կառավարության հանձնառությունը մեր երկրների միջև առևտրային և գործարար ձեռքբերումների խթանման քաղաքականությանը։ Առկա են առևտրի և ներդրումների շատ հնարավորություններ, որոնք հարկ է իրացնել»։