Գարեգին Բ. Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի պատճառով
«Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում»,-ելույթ ունենալով «Հայաստան - Սփյուռք» վեցերորդ համաժողովի բացմանը՝ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Նա ընդգծեց, համախմբումը, սակայն, զերծ պիտի լինի հատվածական հետաքրքրություններից ու ժամանակավոր նպատակահարմարություններից:
«Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը և ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ, թե սփյուռքահայ՝ հայրենիքի և ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը:
Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով:
Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջև է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է:
Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը:
Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված և մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրև ազգի զավակ, իբրև կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս և ի սփյուռս միասնաբար»,-իր ելույթում նշեց Վեհափառը:
Կաթողիկոսը հշեցրեց, եկող տարի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձն է, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման:
«Մեկ դար առաջ այդ օրինակը բերեց մեր ժողովուրդը՝ միահամուռ կամքով պաշտպանելով հայրենիքը և վերակերտելով պետականությունը: Այսօր մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը պահանջում է միասնական առավել ջանքեր, ինչպես և պատերազմի վտանգի ներքո գտնվող ժողովրդի զգոն ու սթափ գիտակցություն և առավել պատասխանատվություն: Մեր երկիրը հեռու պիտի պահենք ցնցումներից և ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու և հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին»,-ասաց Գարեգին Բ կաթողիկոսը:
Նրա ելույթն ամբողջությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջում:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
- ՀՀ նախագահ. Հայ հասարակությունն ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան