«Աննա Ֆրանկի օրագրի» մոտիվներով կստեղծվի կոմիքսների գիրք և մուլտֆիլմ
«Աննա Ֆրանկի օրագիրը» մոտիվներով ստեղծվելու է կոմիքսների գիրք և մուլտֆիլմ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ֆրանսիական գրական Actualitte.com պորտալը:
Կոմիքսների գիրքը կազմված է լինելու 148 էջից, նկարների հեղինակն է իսրայելացի Դևիդ Պոլոնսկին, վաճառքում կլինի Ֆրանսիայում հոկտեմբերի 4-ին: Կոմիքսների սցենարի հեղինակ Արի Ֆոլմանը պատրաստում է նաև մուլտֆիլմ, որը կներկայացվի 2019-ին: Մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին կլինի Աննա Ֆրանկի երևակայական ընկերուհին, ում նա նվիրել է իր օրագիրը:
Նման նախագծերով հանդես գալու գաղափարի հեղինակը Աննա Ֆրանկի հիմնադրամն է, որը գտնվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Նշվում է, որ Պոլոնսկին և Ֆոլմանը սկզբում հրաժարվել են աշխատել կոմիքսների և մուլտֆիլմի վրա, բայց հետո փոխել են իրենց որոշումը:
«Ես ցավում եմ, որ եկել է մի ժամանակաշրջան, որ մոլորակում չեն մնում արդեն նրանք, ովքեր վերապրել են Հոլոքոստը, այլևս չկան կենդանի վկաներ, ովքեր կարող են պատմել այդ պատմությունը»,- ասել է Ֆոլմանը:
Նրա խոսքով, այս նախագծերը ստեղծվում են, որպեսզի պատմեն Աննա Ֆրանկի պատմությունն ավելի երիտասարդ սերունդին:
«Աննա Ֆրանկի օրագիրը» գրված է Աննա Ֆրանկի կողմից հոլանդերենով: Նացիստական բռնազավթման ժամանակ Ֆրանկների ընտանիքը 2 տարի թաքնվել է. հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրել է իր օրագիրը։ Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին։ Ընտանիքը ձերբակալվել է 1944 թվականին, իսկ Աննա Ֆրանկը մահացել է 1945 թվականի փետրվարին որովայնային տիֆ հիվանդությունից Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում։ Օրագիրը կարգավորել է Միփ Գիսը, այնուհետև այն փոխանցել է Աննայի հորը՝ Օտտո Ֆրանկին։ Աննայի հայրը ընտանիքում միակն էր, ով ողջ է մնացել։ Օրագիրը հրապարակվել է 1947 թվականին: Այն թարգմանվել է 62 լեզուներով։
«Աննա Ֆրանկի օրագիրը» դարձել է Հոլոքոստի ամենավառ խորհրդանիշներից մեկը: 2009 թվականին «Աննա Ֆրանկի օրագիրը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում: