Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ՝ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում,-հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում:
Կաթողիկոսն ընդգծեց, այս վտանգավոր իրավիճակում պատահական նախաձեռնությունները չեն կարող լուծել տագնապները և դարմանել վերքերը:
«Ինչպես Աստվածաշունչն է ասում, ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ: Ախտաճանաչումը պետք է ճիշտ կատարել և համապատասխան կողմնորոշումներ ճշտել ու ազդու միջոցների դիմել: Անհրաժշետ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը»,-ասաց Արամ Ա-ն:
Նրա խոսքով, ամբողջական Հայաստանի տեսլականը պետք է լինի ազգային գաղափարախոսության հենքը, իսկ նպատակը պետք է լինի հզոր Հայաստանը, ամուր Արցախը, կազմակերպ Սփյուռքը:
«Սրանք պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական ու մարտավարական ուղեցույցը: Շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի դիմաց է:
Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա առաջին հերթին պահանջում է հայրենի մեր ժողովրդի ամուր կապվածությունն իր հողին՝ Հայաստանին: Հայրենիքը հող ու ժողովուրդ է՝ պետություն և տնտեսություն լինելուց առաջ: Հավատարմությունը հայրենիքի նկատմամբ վեր է ամեն տեսակ նկատումներից, տնտեսական ներդրումներից: Անհրաժեշտ է և անհետաձգելի արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի թվային աճը ապահովելու կոնկրետ միջոցների շրագրված կիրառումը»,-ասաց նա:
Կաթողիկոսն ընդգծեց, եթե տնտեսության զարգացումը տեղի ունենա դանդաղ, ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կարող է շարունակվել, և աղքատությունը դառնալ ամեն տեսակ սոցիալական ու բարոյական չարիքների աղբյուր:
«Դյուրին է այս հարցերի մասին խոսելը, գիտենք, հեշտ է նաև քննադատելը, դարձյալ գիտենք, էականը մեր ցավերին դարման որոնելու հավաքական իմաստնությունը, կամքը և հանձնառությունը լինելն է»,-ասաց նա:
Ելույթն ամբողջությամբ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության էջում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Հայ հասարակությունն ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան