Բակո Սահակյան. Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հարաճուն առաջընթացը
«Խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում:
Նրա խոսքով, դրանց համակողմանի քննարկումը, ապագա անելիքների հստակեցումն ու ճշգրտումը պահանջում են համակարգված աշխատանք, իրատեսական ու հավակնոտ ծրագրերի մշակում և իրականացում, առկա ներուժի արդյունավետ օգտագործում:
«Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, հաշվի առնելով ազգային շահերն ու ժամանակի մարտահրավերները, կնախանշեն մեր հարաճուն առաջընթացը: Մենք ունենք նման համատեղ աշխատանքների արդյունքում նվաճած հաղթանակներ ու ձեռքբերումներ»,-ասաց նա:
Արցախի Հանրապետության նախագահն ընդգծեց, որ բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարևոր ու պահանջված է համարել ե՛ւ Մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար:
«Կարևոր է նաև, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաև հանդիսանում է տարբեր ժողովուրդների և պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթեց հաջող և արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բ. Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի պատճառով
- ՀՀ նախագահ. Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
- ՀՀ նախագահ. Հայ հասարակությունն ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը
- Սերժ Սարգսյան. Հայաստան-Սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար
- Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան