Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի ու ամուր դաշնակից. Վիգեն Սարգսյան
«Ապրիլյան պատերազմից հետո ամենամեծ փոփոխությունն այն է, որ առաջնագիծը որակապես փոխվել է ինժեներական սարքավորումների և տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից»,- այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով սպառազինության, առաջնագծի կահավորման հարցերին:
Ըստ նախարարի՝ դա նշանակում է, որ զինծառայողների ծառայությունը փոքր-ինչ անվտանգ է դարձել:
«Իհարկե, առաջնագծում միևնույն է կան կրակոցներ, ակտիվացել են դիպուկահարները, որոնց մենք արձագանքում ենք: Մեզ համար սկզբունքային է, որ ամեն սպանված զինծառայողի դիմաց մեկը երեքին պատասխանելու մոտեցում ենք որդեգրել: Իհարկե, դա մեզ չի սփոփում, դա չի բխում մեր քաղաքականությունից, բայց դա պատերազմների կանոններից է», - ասաց պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող մի սփյուռքահայ է իրեն դիմել, որը բերել է առաջնագծի ինժեներական կահավորման իր մշակած համակարգը: Նա պատրաստակամություն է հայտնել իր հաշվին կահավորել առաջնագծի 50 դիտակետ:
«Մենք շնորհակալ ենք նման նախաձեռնությունների համար, մեր մասնագետները ինտենսիվ համագործակցում են բոլոր նման առաջարկությունների շուրջ, բայց կարևոր է, որ այդ աշխատանքը առաջնագծում լինի կենտրոնացված ու կանոնակարգված»,- նշեց նախարարը:
Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր շարունակում են սպառազինության ինտենսիվ ծրագիր իրականացնել:
«Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է մրցավազքի ճանապարհ, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում, դա երբեք մեր ճանապարհը չի եղել և դա ոչ միայն ռեսուրսների հարց է, որքան խոհեմության: Մենք այսօր բավականին ադեկվատ միջոցներով ենք կազմակերպում սպառազինությունը, բայց ռազմական տեխնիկան և ռազմական գիտությունն այնքան արագ են զարգանում, որ ցանկացած բան, որը տեղադրում ես, արդեն ամիսներ անց մի քիչ հնացած է: Դրա արդիականը կա, դրա հակաթույնը կա, որին դու պետք է ևս հակաթույն մտածես, հետևաբար, մենք այստեղ ունենք և խորհրդատվության, և աջակցության կարիք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նաև անդրադարձավ ռազմաարդյունաբերության ոլորտին՝ նշելով, որ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեն, որը գլխավորում է տաղանդավոր մի անձնավորություն՝ Դավիթ Փախչանյանը, մեծ արդյունքներ է գրանցում:
«Կարծում եմ՝ շատ մոտ է այն պահը, որ մենք առաջին լուրջ արտահանումները կունենանք արտերկիր: Այս ոլորտն այնպիսին է, որ եթե դու շարունակես արտադրել միայն քեզ համար, երբեք չես կարող լինել մրցունակ: Մեզ համար կարևոր է, որ մեր արտադրանքը, մեր մշակումները նաև արտերկրի շուկաներ դուրս գան»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այստեղ ևս ունենք երկխոսության կարիք սփյուռքահայության հետո, որպեսզի խորհրդատվությամբ աջակցեն մուտք գործել մեծ շուկաներ:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև ռազմական դիվանագիտության ակտիվացմանը: «Այս մեկ տարվա ընթացքում ունեցել եմ մի շարք այցեր, որոնք տալիս են իրենց արդյունքը և նոր հնարավորություններ են բացում: Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի ու ամուր դաշնակից»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքը վաճառում է շահավետ պայմաններով և մեծ դերակատարում ունի հայկական զինված ուժերի սպառազինության ապահովման գործում: «Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կապեր չունենք։ Իմ երկրորդ այցը եղել է Հունաստան։ Ես եղել եմ հարևան Վրաստանում և Իրանում, վերջերս էլ՝ Չինաստանում»,-նշեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև Կանադա:
Հարակից հրապարակումներ`
- Այն տեղը, ուր բանակը կարող է հնարավորությունների դուռ բացել, ՊՆ-ի ուշադրության կենտրոնում է
- Ով մտածում է՝ կա անվտանգ Հայաստան առանց Արցախի անվտանգության ապահովման, նա որևէ բան չի հասկանում . Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում