Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
«Մենք որպես բանական էակներ ունենք ընդհանուր ակունքներ: Հայաստանից լինես, Ամերիկայից, թե որևէ այլ վայրից, մշակութային հնավայրերը, ինչպիսին է Արենու քարանձավը, օգնում են մեզ հասկանալ, որ մեր պատմությունը միահյուսված է: Դա է պատճառը, որ ԱՄՆ կառավարության Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են Արենու պահպանության աշխատանքները», - այսօր Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցով Արենու քարանձավի բացման ժամանակ այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
ԱՄՆ դեսանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 2013թ. տրամադրված 52.870 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով տեղանքը ցանկապատվել է, ապահովվել են լույսեր ու քայլուղիներ, որպեսզի այցելուները չվնասեն հնավայրը, և իրականացվեցին հնավայրի կոնսերվացման աշխատանքներ:
Միջոցառման ընթացքում դեսպան Միլսը նշել է, որ այս աշխատանքներն օգնում են ոչ միայն Արենու քարանձավի ու պատմական գտածոների պահպանության հարցում, այլ նաև զբոսաշրջության խթանման հարցում՝ խրախուսելով զբոսաշրջիկների կայուն հոսքը դեպի քարանձավ:
«Մենք ոչ միայն օգնում ենք պահպանել այն գտածոները, որ դեռևս պետք է պեղվեն-հանվեն, այլ նաև կառուցում ենք Հայաստանի ապագան՝ հնարավոր դարձնելով զբոսաշրջիկների կայուն ու վնաս չպատճառող հոսք դեպի քարանձավ և օգնելով խթանել Հայաստանի տնտեսությունը՝ զբոսաշրջիկների համար առկա հնարավորություններն ամրապնդելու միջոցով: Քայլուղիների ու լուսավորության ապահովման շնորհիվ, ինչն արվել է Դեսպանի հիմնադրամի միջոցով, այժմ այցելուները կարող են տեսնել այս եզակի գտածոները՝ առանց ոտնակոխ անելու վաղվա գտածոները», - ասել է նա:
Արենիում գտնվելու ընթացքում դեսպան Միլսը հայտարարեց Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի կողմից տրամադրված նոր՝ 143.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի մասին, որով շարունակվելու են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները: Շարունակելով աշխատանքները, որոնք իրականացվել են 2013թ. հատկացված դրամաշնորհի շրջանակում, այս նոր ֆինանսավորումը կուղղվի հնագիտական պեղումների իրականացմանն ու ամրոցի ներքին պարսպապատի ամրակայմանը:
2005թ.-ից ի վեր Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը Հայաստանում իրականացրել է մշակութային ժառանգության պահպանության 10 ծրագիր` 934.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ծրագրերի թվում են՝ Հայաստանի ազգային ֆիլմադարանում օպտիմալ ջերմաօդային կարգավորմամբ պահոցի ձևավորումը, Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի խաչքարների պահպանությունը, Գառնու միջնադարյան քարե կամրջի ամրակայումը, Գյումրիում երկու որմնանկարի (մեկը՝ Ռաֆայել Աթոյան, մյուսը՝ Հակոբ Հակոբյան) վերականգնման ու տեղափոխման աշխատանքները: Հիմնադրամի շնորհիվ այս պահին ընթացքի մեջ է մեկ այլ խոշոր ծրագիր ուղղված Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու և այնտեղ գտնվող ինքնատիպ միջնադարյան որմնանկարների պահպանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան